Շնորհակալ եմ…

16-02-2013

75051_492977157412607_632287454_aԵս շնորհակալ եմ իմ ծնողներից, Աստծուց, որ աշխարհ եկա… Եվ ոչ իմ կամքով… Որ չկարողացա ընտրել ծնողներիս, որ չկարողացա, ուղղակի, չգալ… Շնորհակալ եմ քեզանից հայր իմ, որ պարգևեցիր ինձ շուտ մեծանալու բերկրանքը, որ ապացուցեցիր իմ ներկա համոզմունքն առ այն, որ տղան կարող է մեծանալ միայնակ, որ ժամանակին հասկացրիր հույսը միմիայն սեփական ուժերի վրա դնելու կյանքի հիմքում ընկած գաղափարի իրավացիությունը, որ պարգևեցիր տղամարդ, ինքնուրույն տղամարդ կոչվելու հնարավորությունը, որ նվիրեցիր բազում հմտություններ ու փորձություններ, որոնցում են կոփվում
իսկական տղամարդիկ: Շնորհակալ եմ, որ այդ ամեն ինչից կարողացա հաղթանակած դուրս գալ անքեզ…

Շնորհակալ եմ քեզանից, մայր իմ, որ զրկանքների ու անորոշության ժամանակներում չնվիրեցիր ինձ ապահով ու փափուկ մանկություն, որ չզոհաբերեցիր քեզ իմ անկարիք մեծանալուն: Շնորհակալ եմ, որ մանկությունս նվիրեցի աշխատելուն ու կյանքում սեփական տեղը փնտրելու վեհ գործին: Ինչպես տատս կասեր` ամեն իսկական տղամարդ պետք է իմանա, որ չկան այնպիսի գործեր, որոնք տղամարդու չեն, այլ կնոջ: Շնորհակալ եմ, որ դա գործնականում կարողացա հասկանալ: Շնորհակալ եմ այն չտրված մանկական քնքշանքի և հոգատարության համար, որոնք ինձ օգնեցին փխրուն և խոցելի չլինել կյանքում: Շնորհակալ եմ այն գիտակցության համար, որ կյանքում անփոխարինելի ոչ մեկ չկա…

Շնորհակալ եմ քեզանից, իմ գեղեցկադեմ երազ, որ հասկացրիր սիրո գոյության իրական, բայց տևական լինելը, ապացուցեցիր, որ հավերժական ոչինչ չկա կյանքում, նույնիսկ մարդիկ… Շնորհակալ եմ, որ զգայարաններս բթացրիր գալիք ցավերս պատվով հաղթահարելու համար, որ նվիրեցիր երազանքներ և չթողեցիր դրանք իրականանան… Իսկական երազանքները պետք է երազանք մնան… Շնորհակալ եմ, որ կիսատ թողեցիր մեր աշխարհի ամենավառ ու ամենամաքուր սերը, չթողեցիր, որ այն շարունակվի ու դառնա կենցաղային, որ կորցնի իր էությունն ու բարձրությունը… Շնորհակալ եմ այն չծնված բալիկների համար, որոնք այսօր զգալու էին ժամանակին իմ զգացածները և հազիվ թե շնորհակալ լինեին մեզանից…

Շնորհակալ եմ քեզանից իմ մանկության ընկեր, իմ ամենաթանկ, որ ցույց տվեցիր, թե ինչ է դավաճանությունը և սովորեցրիր չվստահել մարդկանց ու գալիք դավաճանություններին ու մեջքից հարվածներին պատրաստ լինել… Շնորհակալ եմ, որ գոյությամբ, լինելով փակեցիր տեղը հաջորդ եկողների համար և նվիրելով մենություն` ինձ դարձրիր անհաղթելի…

Շնորհակալ եմ բոլոր կերած ապտակների, վերքերի և կորուստների համար… Դրանց սպիերն ու ցավերը տվեցին ինձ ավելի ուժեղներին դիմանալու և չլացելու զորությունը… Բոլոր ասված և չասված բառերի, բոլոր փորձերի ու փորձանքների, բոլոր փորձությունների համար, որոնց միջով անցնելով հասկացա, թե ինչն է լավ ու ճիշտ, ինչից փախչել և ուր չգնալ… Շնորհակալ եմ իմ կյանքում պատահած բոլոր դժբախտների, տկարների և թույլերի համար, բոլոր ծույլերի համար… Նրանցից սովորեցի, թե ինչպես չպետք է լինել կյանքում…

Շնորհակալ եմ ինձ տրված այս կյանքի համար, որովհետև այլկերպ ապրել ես չէի կարողանա…

Google