Շուկա

31-12-2011

продажиԵրբ զանգերն են ղողանջում: Թույլ, հիվանդ, ծուռ եկեղեցի, մեկ հատիկ զանգ: Տնկ-տնկ-տնկ: Աստված չի լսի, պատռվի΄ր, ճաքի΄ր զանգ: Չի լսի: Դու նման ես կորած կովի զանգուլակին, որը նույնիսկ հովիվը չի լսում, որ գտնի խեղճին, խեղճին` հիվանդ կովին, հիվանդ եկեղեցուն: Գոմ, թրիքի հոտ, թրիքոտ բուրվառ, անօգնական զանգ: Վաճառված, կեղտոտ փողերի, լվացած փողերի եկեղեցի` մանրավաճառի կրպակ: Մոմի առևտուր, փողի վերադարձ, մորմոք առ Աստված. անօգնական, անօգուտ, թրիքոտ, կովի բառաչանք:

Երբ ցանկությունները մնում են երազանք, դառնում են մոմեր` հաստ, սպիտակ, հավերժական, դառնում ձևական, դառնում աշխատանք: Կինը` ծերը, սպիտակ ու սև ուրվագծով, քո, իմ ու մյուսների հետևից, կովի բթությամբ, բայցոչ նույն թախծոտ, այլ զզվանքի ու փնթփնթոցի դրոշմով, իր պետքերի դույլն է լցնում իմ, քո, մյուսների` ախմախ հաստ երազանքները, որոնք մենք ցանկություններ չդարձրինք, ու հեռանում` ավազը ձեռքով հավասարեցնելով: Ու ծերը` տղամարդը, վարորդի տափակ գլխարկով, սևացած ձողով կխառնի կրակին դրված դույլի հալվող սպիտակ, հաստ, գնված երազանքները, որ դրանցից նորերը սարքի նոր ախմախների համար, իսկ ես փակում եմ եկեղեցու անօգնական, ավելորդ ծանր դուռը ու էլի հետ պիտի գամ, երբ սպասումս վերջանա ու անելիքներս նորից կրկնվեն, ինչպես երազանքիս իրագործումին սպասելիս, բավականին տարիներ առաջ, երբ առաջին անգամ ես իմ վերջին փողերով մոմ առա ու ոտքով, ու երազելով, ու հավատով գնացի փնտրելու տունս: Ես, դու ու մեր նման էլի ախմախներ… Իսկ այսօր մահճակալիս տակից գտել եմ իմ փոշոտ, անցյալ տարվա գուլպաները, որոնց մեջ մի ժամանակ նվեր էի սպասում` հավատալով գովազդի մանչուկի բարի , բայց ծախված ժպիտին: Վաղուց այլ է վաղը, երբ գետնանցումում գարեջրիս դատարկ շշով տվեցի մոմավաճառ կախարդի գլխին: Ինձ, քեզ մոմեր պետք չեն, ոչ էլ մյուսներին… Երազանքներս այլևս ցանկություններ են, որոնց մի մասին արդեն հասել եմ, հավետ ջարդելով մոմավաճառ պառավի գլուխը, և նաև նրանց, ովքեր թեկուզ քնի մեջ կանգնելու էին ցանկություններիս ճանապարհին… Հետո բոլոր գայլերը ակնածանքով նայեցին ինձ ու ես բացեցի նոր, լուսավոր ճանապարհ ջարդած գլուխների վրայով: Երազանքներ կային, որոնք չաճեցին, ցանկություն չդարձան, քանզի ես արյան փոխարեն խունկ էի շնչում դատարկ շենքերում ու կովերի զանգերից զզված դիմանում, մինչև կվառվեն երազներիս վերջերը: Աղջիկը, երազը, ցանկությունը, մեկը, որ պիտի դառնար, երբ մոմերիս հոտերը տեղ հասնեին, երբ ձայնս զանգի հետ բարձրանար վերև, մի օր վերջապես կանգնեց իմ դիմաց ու ես մոտիկից տեսա նրան, առաջին անգամ, անօգնական, գիշերով, մենակ, անդրավարտիքի կիսաքանդ կոճակներով, ու նաև տեսա նրա ճմռթված, գունատ մաշկը, մոտիկից, զզվանքով ու փոշմանեցի, ու հասկացա, որ անօգուտ էին իմ մսխած փողերը, որոնցով ես մի արկղ գարեջուր կառնեի ու ընկերներիս հետ կհարբեի ինչ-որ տեղ, ինչ-որ հարթ ու թարմ մաշկերի հետ, ինչ-որ խունկերից, զանգերից ու մոմերից հեռու: Մի օր սրբել էին ծեր, անպետք Նինայի ողջ ոսկեղենն ու տան վաճառքից ստացած, նեխած շորերի դարակում պահվող, անաշխատ փողերը: Նրա ցանկությունները սպառվել էին, թեև ամեն կիրակի նա գլխաշորով, մոմեր էր վառում ինչ-որ իր նման ծերերի հետ: Ինչ ինձ պետք էր այժմ ունեմ: Ու էլի կունենամ, եթե էլի ինչ-որ բան ուզեմ:

Իսկ հիմա քարեր եմ ուզում, ցեմենտ ու բանվոր: Խանութներիցս հեռու` քաղաքի ամենալավ վայրում, եկեղեցի եմ կառուցելու նրանց համար: Նրանց, ովքեր չեն տարբերում մոմերը ցանկություններից, աղոթքները բառաչից ու զանգերը աղերսից… Եվ թող ների ինձ Աստված:

Google