Տար ինձ քեզ մոտ…

15-05-2014

broken_sky_by_luisharding-d3cbkutԵս հիմա եմ հասկանում, թե ինչքան է քեզ ցավացել… Ցավի մասին պատմող բառերը սուտ են, նկարագրությունները` չափազանց թույլ: Ցավ կա, որ արդեն բթացնող է, երբ բիբերդ աչքերիցդ դուրս են թռչում, բայց չես զգում ոչինչ… Տար ինձ քեզ մոտ, որովհետև նվնվալու տեղ չես թողել: Մի սառը քար կա քո անունով միայն, որը գրկել անգամ ես չեմ կարող… Ես քո մոտ եմ ուզում: Գիտեմ, որ սուտ է, թե տեսնում ես ամեն ինչ, թե լսում ես, դրա համար բան չեմ պատմում ոչ երկնքին, ոչ քո քարին, այլ պահում եմ որ գամ` լսես… Տար ինձ քեզ մոտ, որ թողություն տաս բոլոր մեղքերիս, որ կարողանամ բացել իմ սիրտն ու քեզ պատմել անհնարինը…

Դու ինձ այսպիսին երբեք չես ճանաչել: Ես քո միակ ու ապաշնորհ աշակերտն էի… Ես ոչինչ չսովորեցի ու չվերցրեցի քեզնից… Հիշում եմ, երբ ամեն ամանորի բաժակ էիր բարձրացնում ու ասում, որ իրարից բացի ոչ մեկ չունենք այս մեծ աշխարհում, որ ինչ էլ լինի, պիտի միշտ ձգտենք միասին լինել, մեկս մեկով ուրախ, մեկս մեկի մեջքին: Դու գնացիր ու մնացինք մենակ մեր միասնության մեջ ու կոտրվեցինք հազար մասերի ինքներս մեր մեջ, մեկս մյուսիս համար… Ոչինչ չմնաց… Ես գիտեմ, որ հեշտ է դատապարտելը, որ հեշտ է սխալների համար պատժելն ու արհամարհելը, հրաժարվելը: Դու ինձ միշտ սովորեցրել ես տեր կանգնել հարազատիդ սխալներին, ըմբռնել, հասկանալ, ներել… Ես էի առաջին քարը նետողը: Ու մինչև հիմա ձեռքերիս զգում եմ չորությունը նրա այտերի, տեսնում եմ, թե ինչպես է արյունը ծորում դեմքով… Այդ պահին Աստված գոյություն չուներ ու ոչ էլ մտածում էի, թե դու կաս կամ եղել ես երբևէ…

Ես գիտեմ, վստահ եմ, որ դու ինձ կներես, որ թեև արդարացնողներս շատ են, արդարացումներս` առավել, բայց դա կապ չունի: Ես ինձ երբեք չեմ ների: Երբեք չեմ կարողանա գլուխս հանգիստ դնել բարձին կամ մտածել ու հիշել քեզ… Ինքս ինձ հետ երբեք չեմ հաշտվի ու խաղաղություն չեմ ունենա: Դրա համար այսօր ես սպանում եմ ինձ, իմ միջի գազանը, որը ծնվել էր անհիշելի վաղուց ու ամեն անգամ կուլ տվածների ու վերքերի հետ մեծացել էր, խեղդեց այն, ինչ տարիներ շարունակ դու հավատում էիր, որ կա, կդառնա, ինչը փայփայում էիր ու սիրում էիր: Այլևս չկա նա, ում համար թեյ էիր բերում ու համբուրում էիր քնած ճակատը, ումով հպարտանում էիր: Տատ, իմ միջի գազանը մոլախոտի պես խեղդեց քո ցանած – խնամածը, նրա հետ խեղդվեց քո հիշատակը, քո պատգամները, քո ավետած իմաստնությունը, ամեն բան քեզնից ու ամեն բան քոնը… Ի՞նչ անեմ, չտարար քեզ մոտ, իսկ ես հիմա մի կարգին լացելու տեղ էլ չունեմ, որ գայի, գլուխս դնեի ծնկներիդ, լսեի ու արցունքներիս միջով հանեի ամեն ինչ միջիցս…

Օր էր: Վատ երազ էի տեսել: Նոր էր, մի քանի օր առաջ: Այդ օրն ամեն ինչ փոխվեց ու ես կորցրեցի քեզ: Երկրորդ անգամ ու հիմա արդեն ընդմիշտ…

 

 

 

Google