Տարօրինակ երազը

05-02-2014

1554448_651382531572068_84934718_n-Երազում դու ոսկե մազեր ունեիր, դրանք փայլում էին արևից ու շողերն ընկնում էին աչքերիս մեջ: Ես շաբաթներով մեռնում էի աչքերիս ցավից, ասես ամբողջ օրը երկաթներ էի զոդում: Մի շաբաթ առաջ ես քո նկարը գտա, առաջին ու վերջին նկարը, ուր դու մի քանի շաբաթական էիր: Ես այդպես էլ չիմացա տղա՞ ես, թե՞ աղջիկ, բայց իմ երազներում ես քեզ տղայի տեսքով եմ միշտ տեսել:

 

«…Ժամանակ կար, որ ամեն գիշեր երազիդ գալիս էի ու քաշում էի շալվարիդ փողքից: Կանչում էի ինձ հետ, ինչ-որ բան էի ուզում ասել, բայց դու չէիր լսում ինձ, չէիր ուզում նայել վրաս այնպես, ինչպես այդպես էլ հիվանդանոց չեկար մորս ետևից…

Դու հետո մորս այդպես էլ չտեսար, ես էլ չգիտեմ հիմա ուր է նա: Դուք հանդիպել էիք խանութում: Նա խմիչքների բաժնում էր աշխատում, դու էլ չգիտեմ ում տուն էիր գնում, մտել էիր գինի առնելու: Կամ կոնյակ: Դու ամբողջ օրը կոնյակ ես խմում, բայց կոնյակն այդպես խմել չի կարելի…

Նա մեղավոր հայացք ուներ ու աչքերն անընդհատ փախցնում էր քեզնից: Դու հասկացար, որ մի բան նրա մեջ սկսում է եռալ ու այդ ընկերոջդ կամ բարեկամիս տանից շատ շուտ դուրս եկար, որ հասցնես մինչև խանութի փակվելը…

 

Դու մեքենադ մի փոքր ներքևում էիր կանգնացրել, որպեսզի այդ ճանապարհի ընթացքում հասցնես նրան համոզել, որ տուն ուղեկցես: Այդ տարի շատ ցուրտ էր, մանավանդ հետտոնական այդ մի քանի օրը ու երևի, ավելի շատ այդ պատճառով նա չհրաժարվեց քո տաք մեքենայից: Անունն Անի էր:

Հանդիպեցիք մի ամսից մի քիչ ավել: Դու արդեն հասցրել էի ձանձրանալ նրանից, երբ ասաց, որ «երկու գիծ ա»: Ես ընդամենը «երկու գիծ» էի ձեր համար…

 

Դու չհավատացիր, առաջին անգամը չէր, որ միամիտներն ուզում էին այդ ձևով փրկել հարաբերությունները: Մի լավ հռհռացիր, ծաղրեցիր, բայց քանի որ ամեն ինչից շատ ես վախենում ու զգուշանում, ստուգեցիր: Պարզվեց, որ հղի է…»:

 

– Առաջին բանը, որ անցավ մտքովս, հիշեցի, թե մեր հանդիպումներն ինչքան բուռն ու զզվելի էին անցնում, ինչքան հարբած էինք լինում մենք: Ես երդվում եմ, երբեք չէի գնա այդ քայլին, երբեք ես քեզնից չէի հրաժարվի, եթե վստահ լինեի, որ դու լրիվ առողջ ես ծնվելու: Մայրդ ուժեղ չէր: Նա մի քիչ լաց եղավ, փորձեց հիստերիկանալ, բայց ես հիշեցրի, որ մեքենայիս դռան վրա միշտ ինձ հետ իմ անբաժան ընկերն է, իմ «Կոլտը», որ ես պատրաստ եմ սատկացնելու նրան, եթե շարունակի իրեն այդպես պահել: Նա վախկոտ էր: Բանն անգամ նրան չհասավ, որ իր քունքին զգա 9.45 մմ տրամաչափի փողի սառնությունը: Փոխարենը ես փող տվեցի նրան, պայմանավորվեցի բժշկի հետ ու խոստացա, որ իրեն կվերցնեմ վիրահատությունից հետո: Երբ բժիշկը զանգեց ու ասաց, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, ես հեռախոսս անջատեցի: Ճիշտ ես, հետո էլ համարս փոխեցի: Բայց ես քո մորից չէի փախնում: Այլ այն ձայներից, որոնք լինելու էին նրա ասած բառերի մեջ, որոնք սղոցելու էին ինձ այն ժամանակ, հիմա, ամբողջ կյանքիս ընթացքում: Դու չծնվեցիր, կներես, տղաս, բայց ինձ միշտ թվում էր, թե մեռած ես ծնվելու կամ թերհաս: Ու թքած մորդ վրա, ես քեզ մենակս կպահեի, բայց ես վախկոտ եմ… Չէ, երևի, ես ուզում էի, որ քեզ մոտ ամեն ինչ շատ լավ լինի… Կամ էլ հիմա խաբում եմ ինձ:

 

« Ես գիտեմ, որ միշտ երազել ես տղա ունենալ, ինձ նման հրաշք, ոսկեգույն մազերով, այնպես, ինչպես ամեն օր տեսնում էիր քո երազներում այդ օրերից հետո:

 

Արդեն երկրորդ տարին է, ինչ  լրիվ մենակ ես ապրում: Հիմա էլի Ամանոր է: Դու մեծ, շատ մեծ տոնածառ ես առել ու զարդարել ես: Վրան լիքը «Կինդեռներ» ես շարել, որովհետև գիտես, որ բոլոր ընկերներդ գալու են իրենց երեխաների հետ: Որովհետև դու քո ընկերների երեխաների մեջ փորձում ես ինձ գտնել, ես գիտեմ, դու շատ ես դրա մասին խոսում: Դու միշտ երազել ես, որ ես լինեմ, վազեմ տան մեջ, շուռ տամ տոնածառը, որ իմ ձեռքից բռնած խանութներով ման գաս ու իմ համար պուճուր պուճուր կոշիկներ առնես: Պապ, ինչի՞ տենց: Գոնե դագաղ առնեիր իմ համար:

 

Դու չգիտես: Ինձ բժշկի մկրատը կտրտեց, հետո մաս մաս հանեցին ու նետեցին աղբամանը: Գիտե՞ս ոնց էր ցավում: Ես մինչև հիմա զգում եմ մկրատի սառնությունն ինձ վրա ու չեմ կարողանում հանգիստ գտնել, որովհետև այդ բժշկական աղբը, որի մեջ ես էի, ամեն գիշեր առնետներն են համտեսում:

 

Պապ, ինձ ոչ կոշիկներ էին պետք և ոչ էլ այդքան մեծ տոնածառ, ես քեզ կհավատայի, եթե բամաբակե մորուքով գայիր ու փոխած ձայնով «Հո-հո-հո» ասեիր: Ես էլ քո նման երազանքեր ունեի: Ինձ պետք չէր պաղպաղակ, շոկոլադ, ոչ էլ այդ «Կինդեռները», դրանք թող ընկերներիդ երեխաներին մնան: Ես միայն երազում էի քո ուսերին նստել ու այդպես ման գալ քաղաքում, ինչպես իմ պապն էր քեզ նստեցնում իր ուսերին ու ման տալիս:

 

Դու ծնվեցիր շատ նվաղ ու հետո աղիքային մի մահացու հիվանդությամբ վարակվեցիր, բայց հայրդ ու մայրդ ամեն ինչ արեցին, որ հիմա դու այսքան մեծ ես ու առողջ: Նրանք բուժեցին քեզ այդ անբուժելի համարվող հիվանդությունից այն դեպքում, երբ բժիշկներն էին հրաժարվել քեզնից: Պապ: Դեն նետիր այդ նկարն ու մի տանջիր քեզ: Այդտեղ սև է ամեն ինչ ու ես չկամ, դա կետ է, մի փոքրիկ կետ հատիկի չափ: Դու երբեք չես տեսնի այդտեղ, թե ինչ ոսկեգույն էին իմ մազերը ու ես էլ քեզ երբեք չեմ ասի, թե ինչ գույն կունենային իմ աչքերը: Պապ: Դեն նետիր այդ նկարը: Ու թեև ես երբեք քեզ չեմ ների, բայց այլևս չեմ գա քեզ այցի: Հանգիստ կթողնեմ: Ու երբեք-երբեք չեմ գա: Ես քո վերջինն էի, պապ…»:

03.01.2014թ.

Google