Տասնվեց

31-12-2011

545270_460513437325646_357317199_aՏերևներին դանդաղ լքում են կաթիլները: Դու բոբիկ վազում ես իմ երազների դաշտով:

Ես մի կարմիր տաբատ ունեի` վրան կանաչ գրպաններ: Դրանք միշտ լիքն էին քո անվերջ երազանքներով: Երբեմն, դու ծիծաղում էիր իմ կարմիր տաբատի վրա ու ինձ համեմատում Աթաբեկի հետ:

Աթաբեկը մի կով ուներ: Միշտ ծառի ճյուղը ձեռքին, հագին` զինվորական շինել, քարշ էր գալիս կովի հետ ու անվերջ խոսում:

Մի օր, երբ դու լալիս էիր, ես իմ երազանքներով տաբատը հանեցի ու նվիրեցի քեզ: Դու սկսեցիր ծիծաղել իմ մերկ ոտքերի վրա: Այն ժամանակ հիմարիկ աղջնակ էիր` երկու կամակոր պոչիկներով:

Պիջակիս գրպանում քո նկարն է:

«Անցորդներ, ես փնտրում եմ այս խենթ աղջկան»:

Մի մարդ շատ հեքիաթներ գիտեր, նա ինձ ասաց, որ էլ երբեք քեզ ման չգամ, որ դու մնաս իմ մանկության մեջ` նստած մուտքի աստիճաններին լացող աղջնակ` երկու քանդված կամակոր պոչիկներով: Նա ասաց, որ չքանդեմ այն լուցկու տուփերով տունը, որը միասին սոսնձում էինք:

Մարդը հեքիաթներ շատ գիտեր, բայց մի տեսակ գրքային էր խոսում: Ես վախեցա այլևս ասել նրան Աթաբեկի ու կովի մասին, թե ինչպես մի օր առավոտյան նա իր սատկած կովի կոտոշներից քաշում էր ու լաց լինում, անիծում էր անհայտներին ու համոզում կովին, որ սոված չմնա, որ եղանակը լավն է, որ խոտ ինչքան ասես կա: Կովը համառորեն ու էշի պես հասկացել էր, որ ձմեռ է, ու չէր զարթնում: Հետո, չգիտես ինչպես, Աթաբեկը քարշ էր տվել կովին գյուղի միջով մինչև հանդեր ու ցեխոտված մռութին Սեթոյենց մարագից գողացած խոտ էր դեմ տվել:

Մարդու հեքիաթները լավը չէին. արքայադստեր մասին հեքիաթները սուտ են:

Բակում մի օր երդվել էի գտնել քեզ, թեկուզ դևերը տանեին յոթ սարից այնկողմ ու փակեին բարձր աշտարակում: Երևի, զգում էիր, որ մի օր քեզ փախցնելու են, ու դրա համար ստիպեցիր ինձ երդվել:

«Անցորդներ, ես փնտրում եմ այս խենթ աղջկան»:

«Տղաս,-ասաց մի կին,- տասնութ տարի առաջ տղաս գնաց կռիվ ու դեռ չի եկել, բայց կռիվը վերջացել ա, չէ՞»: Ես հաստատ չէի կարող ասել կռիվը վերջացել է, թե չէ, բայց ուզեցի, որ նրա սրտով լինի: «Որ տեսնես, ասա, թող շուտ տուն գա»,- ասաց կինն ու ես մտածեցի, որ կռիվն իրոք չի վերջացել: Հետո ինձ վատ զգացի, որ խաբել էի նրան:

Հանդերի միջով մի բոբիկ աղջիկ էր վազում` հագին կարմիր պուտերով սարաֆան: Հիմա եմ զարմանում, թե դեղին, չոր հասկերն ինչպես չէին չանգռում նրա ճերմակ սրունքները: Դաշտերի մեջ միշտ կիսատ առավոտներ էին ու մենք միասին բամբուկ էինք ծխում: Ես ուրախանում էի, երբ նա շիլ աչքերով փչում էր բամբուկին ու մի տեսակ հիմար տեսք ստանում: Հետո ցորենի հասկերից առանձնացնում էինք հատիկներն ու ուտում: Նա ինձ միշտ սուտասան էր ասում, երբ պատմում էի, որ իմ քաղաքում շատ տասնվեցհարկանի շենքեր կան: Դրա համար մի օր ես լուցկու տուփերից շենք սարքեցի, որ նա հավատա:Նրա ամրոցը, գուցե, տասնվեցհարկանուց բա՞րձր է:

«Անցորդներ, ես փնտրում եմ այս խենթ աղջկան»:

«Ես գիտեմ,- ասաց մի օր մի ապուշ,- էդ աղջիկը կինոյի մեջ փողով հանվում ա»:

Նա՞… Նա կինո շատ էր սիրում: Միշտ ինձ ինչ-որ անուններ էր կպցնում ու ասում, որ ես ձանձրալի եմ, կինո չեմ նայում:

Մի օր արևը կիսատ-պռատ մեռնում էր: Ոչ քամի էր, ոչ ցուրտ: Երևի, օգոստոս էր: Նա ասաց. «Ու՞զում ես ինձ տեսնել»,- ու վրայից գցեց կարմիր պուտերով սարաֆանը: Ես հիմար հայացքով նայեցի նրան: Մեռնող կարմիր արև էր, ու թունդ, ցորնագույն աղվամազով մաշկ: Նա ոտք դրեց իմ կողմ, ես շրջվեցի ու փախա… Հիմարի պես, գուցեև խելոքի:

Առանց նրան տեսնելու եկա իմ տասնվեցհարկանիների մոտ: Դրանք հոտ չունեն, իսկ առավոտյան, երբ այնտեղ տերևների ու խոտերի վրա կաթիլներ են մեռնում, ամեն օր դրախտի հոտ է գալիս:

Ես գիտեի, ես կգտնեի նրան հաստատ, եթե մի օր, դրանից շատ ու շատ հետո, էլի չնստեինք ցորենների մեջ ու չհիշեինք այդ ողջը: «Հիմա ես եկել եմ տեսնեմ քեզ»,- ասացի նրան այնպես, ինչպես սովորեցրել էին ինձ իմ տասնվեցհարկանիները:

Արևը նույն մեռնողն էր, մաշկն էլի առաջվա պես, ուղղակի ավելի փարթամ, ավելի հստակ…

«Ես պահում եմ այն տունը,- հետո ասաց նա,- այն տասնվեցհարկանին, հիշու՞մ ես »: Ես մտածում էի, որ ցորենները մի լավ ծակծկել են նրա նուրբ… նրա խենթ մաշկը… «Պետք չի,- շշնջացի ես,- քեզ դա պետք չի… Դեն նետիր, գցիր»: Նա տխրեց: Իսկ ես արդեն տխուր էի:

Ես գնացի, գտա այն մարդուն, ով շատ հեքիաթներ գիտեր ու ասացի.

-Լսիր… Կար-չկար մի արքայադուստր կար: Նա ապրում էր մի անծայրածիր թագավորությունում: Մի օր դևը նրան փախցրեց, տարավ պահեց տասնվեցհարկանի շենքում, հետո… Կանգ առա… Հետոն չգիտեի…

-Հետո ամուսնացավ նրա հետ,- ասաց մարդը:

-Ամուսնացա՞վ,-ծիծաղեցի ես,- դու ապուշ հեքիաթներ ես հորինում,- վեր կացա ու գնացի տուն:

Երեկոյան մի աղջիկ հանվելու էր կինոյում:

 

Google