Տելեգոնիա

31-12-2011

316527_460525303991126_900408457_aԵս ուզում եմ աներևույթ թիթեռ դառնամ ու վերանամ ճակատագրիդ ճանապարհից: Ես ուզում եմ բեռ չդառնամ նոր մեկնարկող մարաթոնիդ ոչ մի մետրին: Թող, նեղացած ու գլխիկոր մեր բաժանումը կայանա, մի քիչ տխրես ու ողջ անցած ճանապարհի սխալների մեղքը միայն իմ ուսերին դու ամփոփես, իմ մեջ տեսնես ամեն վատն ու ծուռ կառուցված պատին դրված ամեն քարի ծանրությունը… Ազատիր քեզ իմ ձեռքերից, վերացիր իմ ապրումների վերհուշերից, դարձիր միայն ինքդ քոնը, դարձիր նորից անկախ, ազատ, ինչպես որ կայիր մինչ իմ արյան, երակների մեջ մտնելն ու հոգուս ամեն ելևէջում ներծծվելը… Դարձիր քոնը… Ինչպես հրաշք հեքիաթներում ու մուլտերում , ես ուզում եմ այսօր ցնդել, դառնալ մի կույտ կամ մի երամ գունեղ թիթեռ ու տարածվել աշխարհով մեկ, անհետանալ, կորել իսպառ… Բարձիր ամեն ինչ իմ մեծ ուսերին, թող քիչ կորանա միշտ պատի նման քեզ պահող մեջքս, միայն դու ժպտաս ու լինես անմեղ… ինքդ քո առաջ, ինքդ քո համար… Նոր զբաղմունքները կլցնեն տեղս, միայն աշխատիր ազատվել ինձնից, միայն աշխատիր մաքրել քեզ նորից ու հավատալ այն մեծ սխալին, թե դու միշտ ճիշտ էիր… Կանցնի ժամանակ, քո արյան միջից ես դուրս կսահեմ, ամեն ինչ կանցնի… Երջանիկ եղիր, դու արժանի ես… Հավատա նրանց… Ես քո պատմության անբեկանելի ու խոշորագույն սխալն եմ եղել…

Հ.Գ. Նա բժիշկ էր… Ես հավատում էի նրան… Ու մի օր, երբ հերթական անգամ զրուցում էինք, ապացուցեց, որ քո բալիկները երբևէ ծնվող իմ աչքերն են ունենալու ու իմ թշի փոսիկը… Չեմ խոստանում, որ կկարողանամ սիրել նրանց…

Google