Տեսլաշար

31-12-2011

396346_460497833993873_914006535_aԷլի ձմեռ էր: Ես հագել էի կոշիկներս կարմիր, սպիտակ շալվարս էի արդուկում ու նայում էի, որ հանկարծ չսևացնեմ: Բաղնիքում հոսում էր տաք ջուրն անիմաստ ու գոլորշին նստել էր հայելուն, քրտնացրել այն ու տակից երևում էր մի քանի օր առաջվա մատով նկարազ բզբզիկը: Հա, մենք բոլորս էլ ապակուն բզբզիկներ ենք նկարում. ցից մազերով` կլոր դեմքեր:

Լվացարանի մեջ փիրուզագույն ատամի մածուկի մնացորդներն էին, մի քանի մանր մազեր, չնայած, ծորակի ջուրն էլ էր հոսում: Այդ օրը ես գալիս էի քեզ մոտ:

Դուռը բացեցիր, սովորականի նման ժպտացիր, ես մեխանիկորեն համբուրեցի քեզ ու նստեցի թեյս խմելու: Արսենին էլի ձվիկ էի բերել` «Կինդեր»: Կարճ խալաթով էիր, չէ, այդ օրը սպիտակն էիր հագել: Անիմաստ ու անտեղի արդարանում էիր, աչքերդ չռել էիր զարմանքից, պատմում էիր, բացատրում: Ես նայում էի, թե Արսենն ինչպես է հատակին հավաքում խաղալիքը ու լարվելուց լեզուն ինչպես է դուրս հանել:

Տատդ անցավ բալկոնի դռան մոտով` կորամեջք, շալով փաթաթված իր կերպարանքով: Սովորականի պես էլի չբարևեց, նույնիսկ այս կողմ էլ չնայեց ու քիչ անց լսվեց ռադիոյի տատանվող ու խշշացող երգը:

Դու արդեն լացում էիր: Դու արդեն չգիտեիր, թե ինչ անել: Միշտ այդպես է լինում, երբ չես գտնում էլ ոչինչ, սկսում ես լացել: Մատներդ խաղում էին մատանուդ հետ, ես զգում էի, որ մի թեթև գլխապտույտ է սկսվել: Զվարճալի է:

Արսենն արդեն հավաքել էր խաղալիքն ու հիմա էլ վրայի նկարներն էր փակցնում: Դու լռել էիր: Հետո շարունակեցի ես: Փորձեցի, համենայնդեպս: Դու ամեն բառիս առարկում էիր, նորից պատմում ամեն ինչ, նորից ասում, որ հավատամ: Ինչի՞ն:

Վեր կացա, որ գնամ: Վեր թռար, ամուր բռնեցիր ձեռքս, սկսեցիր էլի լացել ու ինչ որ բաներ խնդրել: Էլի, էլի,էլի: Գրպանիցս հինգ հազարանոց հանեցի ու շպրտեցի սեղանին: Ինչքա~ն էժան եմ… Ու հասկանալով, որ վերջին անգամ եմ հիմա դուրս գալու ու զգալով, որ ձեռքս չես թողնի…Ես… Անզորությունից ու ափսոսանքից ապտակեցի քեզ…Ազատվեցի…

Դուռը ծածկելուց տեսա, թե ինչպես էր Արսենը թողել խաղալիքն ու զարմացած ինձ նայում…

Հետո եկա տուն, հիշեցի հորս… Նստեցի ու լաց եղա…

Google