Թեթևս

31-12-2011

522178_460522193991437_1459180603_aԻնչ էլ անեմ հիմա, անիմաստ է արդեն, ասածներս` իզուր, աղերսներս միշտ խուլ: Անիմաստ է հիմա, անգամ ցավը միջիս, անիմաստ է ողջը, ընկերներս նույնիսկ…  Բառի կարիք չունեմ ու շնորհակալ եմ արդեն կարեկցանքով նայող ձեր աչքերի համար, ձեր ցավերի համար ու օգնելու փորձի… Ի՞նչ կարող են անել սուտ բառերը բոլոր, ի՞նչ եք ուզում ինձնից, ու՞ր եք ուզում տանել… Անիմաստ է ողջը, այն ցերեկվա նման, երբ ամեն ինչ մթնեց, երբ ժպիտս մեռավ… Վախենում եմ արդեն այս բառերից բոլոր, վախենում եմ անգամ ստվերներից անզոր: Ի՞նչն էր սխալ իմ մեջ, ի՞նչն էր անապահով, որ փշրվեց լույսս, որ երազս թաղվեց… Ոչ մի արմատ հիմա էլ չեմ պատկերացնում, ոչ հավատ կա արդեն և ոչ էլ նպատակ… Ես դրեցի քեզ հետ իմ ողջ կյանքը այսօր ու գնացիր ինձ հետ այդքան վստահ ու լուռ… Սուտ էին այսօր, գիտե՞ս իմ բառերը բոլոր, սուտ էր նույնիսկ իմ կերպարը քայլող… Ուրվական եմ հիմա, անսկիզբ, չվերջացող, ու անկյանք եմ այնքա~ն ու անտարբեր միայն… Ես զգում եմ ինչպես ժամանակն է անցնում, ամեն րոպեն դժվար ծանրանում է ուսիս, ես մենակ եմ հիմա, լսու՞մ ես ինձ Լի~լ, ես քո մեջ էի միայն ու քեզ հետ էի ապրում… Ես վաղուց էի մեռած, դու ինձ ապրեցրեցիր, դու դրեցիր իմ մեջ հավատներդ բոլոր, դու նպատակ դարձար, երազանք նկարեցիր ու դու տարար քեզ հետ քո աշխարհն ու ինձ: Քեզ չեմ սիրել երբեք, ես սիրել եմ Նրանց, ու դու գիտես, որ դա սեր չէր բոլորովին, սեր լինում է շատ պարզ ու լինում է միշտ ճիշտ, ու լինում է նույնը ու լինում է մի գույն… Իսկ այն, ինչ որ ունեինք, դա հրաշք էր գունեղ, դա աշխարհ էր, մեծ կյանք` ուրիշ հարթությունում, դա մի ԻՆՉ էր, որտեղ մեր երկուսից բացի չկային ոչ ոք բնավ, չկար և ոչմիբան… Մենք ի վերուստ իրար ճակատագրով էինք տրված ու կապ չուներ ոչ մեկ ու ոչ մի հանգամանք… Դու ուրիշ էիր ու մենք երկու նման հոգի, երկու խելառ  կաթիլ հանդիպել էինք մի օր, որ մի մեծ ծով դառնանք: Ոչ ոք կյանքում երբեք քեզ չի տեսել այնպես, ինչքան տալիս էիր ինձ, ինչքան շատ կայիր իմ մեջ… Եվ այրվում են նորից ծով ցավերը իմ մեջ, երբ հիշում եմ ինչքան նուրբ էիր ինձ պարուրում, ես հիշում եմ հիմա ամեն մի ելևէջը քո, ամեն հոգոց, ժպիտ, ամեն մի տատանում… Ու ցավում է, գիտե՞ս, լուռ քաշում է միջից, ամեն վայրկյան իմ մեջ մի նոր բան է մեռնում… Ես ուզում եմ նորից դու անբռնազբոս ժպտաս, ես ուզում եմ գրկես ու քեզ լրիվ ինձ տաս… Հիմա գիտեմ ինչ է երջանկություն բառը, հիմա հասկացել եմ ես դա, ճանաչում եմ արդեն, և ուզում եմ պատմել, քեզ բացատրել արագ, արի, նստենք ու մինչև լույս ժպտանք…

Google