Տիրամայրս

31-12-2011

304327_460526147324375_1216219595_a

Հիմա եկեղեցում չկա ոչ մի աղոթք, ոչ մի հոգի կամ շունչ և ես քո անունով եմ այսուհետ “Հայր մեր”-ը սկսելու, որ ինչպես աղոթք իմ շուրթերին հավերժանաս, որ հայտնությունդ ավետեմ լույսով իմ ուրախության, որովհետև երբ կաս իմ գրկում ու գիտեմ, որ հավերժ լինելու ես իմը, այլևս անկարևոր են հացը հանապազորյա, և թողնված են պարտքերս բոլոր, ուրեմն ես պատրաստ եմ գնալ ամեն փորձության քեզ հետ և քեզ ունենալով արդեն փրկված եմ չարեն… Ուրեմն եղիցի լույս հավիտյանս հավիտենից… Ամէն… Թող այսօր թևածեն զարմանքից շիկնած հրեշտակները ողջ երկնակամարի ու հիացմունքի իրենց բաժինը շաղ տան տիեզերքով մեկ, որովհետև օրհնված էր քո ծնունդն ի սկզբանե, որովհետև ի վերուստ էիր դու նախատեսված իմ որբ կյանքի համար… Եվ այս մոմերը հիմա, որոնք թույլ ու խորիմաստ բոցով իրենց դեղին փորձում են դիմանալ քամու տանջանքներին և ճգնում են հասցնել իրենց խորհուրդը դեպ վեր, ես վառել եմ միակ անգամ կյանքում, որ շնորհակալությանս չափից մի չնչին կտոր հասնի Երկինք: Մենք միշտ վառում ենք մոմեր, որ խնդրանքները մեր բարձրանան վերև, որ մեր չլուծված բոլոր հարցերը երկնային օգնություն ստանան, բայց ես միակ մարդն եմ հիմա, ով այլևս ոչինչ չունի խնդրելու Աստծուց, ով հիմա նստած այս հին եկեղեցու բակում միայն շնորհակալության բերկրանքն է զգում իր փոքր ու անսահման սրտում, իր անզոր ուսերի վրա… Շնորհակալ եմ, որ տարիների անիմաստ հոսքը մի օր լույս աշխարհ բերեց քեզ, որ այս օրը աշխարհի ամենանշանակալի օրն է… Սա քո հայտնության և մեր անքակտելի միասնության տոնն է… Ծնունդդ շնորհավոր, Տիրամայրս…

Google