Տոթ է

19-09-2014

kiev_milicՏոթ է:

Քո մասին պատմող, քեզ հիշեցնող ու քո տված ամեն բան խորթ է:

Գիշերը թողնում է մտածել:

Լսի’ր: Տոթ գիշերներին, երբ քրտնած զարթնում եմ, զզվում եմ ինձնից, որովհետև մտածում եմ, որ քրտինքը քեզանից մի մասնիկ ունի, քանի որ ԴՆԹ-ի կրիչ է: Չես հասկանու՞մ: Գիտեմ:

Դու բարի ու խելացի ես, համեստ, քչախոս: Դա քո գունավոր փաթեթավորումն է: Չինական խաղալիք ես: Ես գիտեմ, որ դու ոչինչ չունես խոսելու, որովհետև երբեք ոչինչ չես զգացել: Այդպես համեստ ու քչախոս են մեր տան պատերը, որոնք ավելի շատ բան են տեսել ու ավելի շատ բան կարող են պատմել: Ավա~ղ, դու նրանց էլ երբեք չես տեսնի, չես հանդիպի: Ներկած պատերն իրենց վրայից ջնջել են հետքերդ ու հպումներդ, բայց հիշողությամբ մտաբերում են քեզ: Ես մի օր չեմ դիմանա ու կքանդեմ դրանք, այնպես, ինչպես մի օր երևի չդիմանամ ու սպանեմ քեզ:

Ես ատում եմ այս քաղաքն իր ամեն անկյունով, որովհետև գիտեմ, որ ինչ – որ տեղ զուգահեռ իմ գոյությանը ապրում ես: Ես չեմ ուզում, որ երկուսով ապրենք մի հարթության մեջ, մի մոլորակի վրա, շնչենք նույն օդն ու տեսնենք նույն երկինքը: Մեզանից մեկն էլ բավականին շատ է այս խեղճ ու ծեր մոլորակի համար: Դու ուշացել ես, այլևս չես կարող, իսկ ես համարյա թե պատրաստ եմ: Ես մի օր քեզ սպանելու եմ, որովհետև ատում եմ այն տատանումները, որոնք օդի միջով ինձ քո մասին են հիշեցնում: Դրանք ձայներ են: Շշուկներ են: Բայց ինչքան էլ քո մասին շշուկով են խոսում, ես կիլոմետրերի միջով զգում եմ, որ բառակույտի մեջ քեզանից մասնիկ կա:

Ես քեզ սպանելու եմ մի օր: Վախենում եմ միայն, որ երբ պատրաստ լինեմ, տեսնեմ քեզ, դուրս գաս իմ դիմաց ու չճանաչեմ: Ես վախենում եմ, որ քո պատճառով ինչ-որ մեկը վնասվի էլի…

Տոթ է:

Ես չեմ ուզում, որ իմ ատելության մասին իմանան: Ես չեմ ուզում անընդհատ ականջներս փակեմ, որ ազատվեմ քո ներկայությունից, չեմ ուզում նստեմ հաց ուտելու ու մտածեմ, որ դու կաս ինչ-որ տեղ, որ անհոգ ապրում ես ու չես էլ վախենում, որ օրերից մի օր ինչ-որ կույր գնդակ գանգդ ցրիվ է տալու…

Տոթ է:

Ես քեզ կգտնեմ շուտով, հանկարծակի, որ քեզ էլ գտնեն հետո այդպես հանկարծակի…

Ու թող տոթ չլինի… Էլ երբեք, թեկուզ… Ինձ համար… Թեկուզ:

Ու քեզ համար նույնը…

Google