Թող ամեն առավոտս քո աչքերի մեջ բացվի…

23-05-2014

2220457_640pxԵս երբեք չհասկացա ու չըմբռնեցի, թե ինչ գույն ունեն քո աչքերը, այնպես, ինչպես չհասկացա, թե ոնց համարձակվեցի քեզ համբուրել մի օր… Մի ճանապարհ կա, որ տանում է մեկուսացում, որ տանում է մի տեղ, ուր ոչինչ ու ոչ մեկ մեզ հարկավոր չէ: Դա քո ցույց տված ու ինձ ապացուցած սիրո ճանապարն է, այն սիրո, որ անցնում է ամեն փորձության, ամեն զրպարտանքի ու չարախոսության միջով… Անցնում ու դիմանում է… Այնպես, ինչպես դու դիմանում ես տարածությանը, ես դիմանում եմ կարոտին, մենք դիմանում ենք իրար… Ես չգիտեմ, թե ինչ են ուզում Նրանք, ինձ պետք չի արդարացնել կամ մեղադրել մեկին, ես վստահ եմ իմ, քո և մեր բռնած ճանապարհի ճշմարտացիության ու ազնվության վրա, ես վստահ եմ քո ասած ամեն մի բառի ու պատասխանատու եմ իմ տված ամեն մի խոստումի համար… Չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, որովհետև դու ինձ սովորացրեցիր չմտածել վաղվա մասին, ապրել ու զգալ այն, ինչ կա այս պահին, ինչ տրված է մեզ վայելելու, որ մտքերն ու ենթադրությունները չխանգարեն մեզ ունենալ իրար… Եթե ճակատագիրն է մեզ շպրտել իրար, եթե ի վերուստ պետք է ամեն ինչ գտնեինք միասին, ուրեմն բարի է նաև բացվող լույսը, որում դու արդեն կարթնանաս ուրիշ անկողնում… Ուրեմն բարի է դրվել սկիզբը, որ կարողանում է հարատևել տարիներ տևած պատերազմների ու բաժանումների մեջ, որ այն վստահությունը, որ երբեք այսքան չենք ունեցել, հիմա պարզից էլ պարզ է… Ես չգիտեմ, թե երբ կհասկանամ, թե ինչ գույն ունեն քո աչքերը, երևի, դրա համար մի ամբողջ կյանք միասին ապրել է պետք… Ուրեմն թող թեկուզ միայն դրա համար մենք ապրենք մեր կյանքերը միասին… Թող ամեն բացվող օրվա հետ ես ընկղմվեմ դրանց փայլի մեջ ու մտածեմ ու գուշակեմ… Թող ամեն առավոտս քո աչքերի մեջ բացվի…

Google