Թրաֆիկինգ

31-12-2011

1000_460501947326795_925046921_n(ՄԱԿ-ի հայտարարած մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը)

 

Կախվելուց առաջ նա նամակ էր գրել.

«Երանի ես Հայաստանում չլինեի: Ինչ – որ հիմարներ որոշեցին հանել մահապատիժը: Որոշեցին, որ այդպես մարդասեր են ավելի, հիշեցին կյանքի իրավունքի մասին, բայց ես, իմ նմանները, երբևէ հիշե՞լ ենք: Գայլի ընդվզման նման է, բայց բոլորի նման ես նույնպես մտածում եմ կաշվիս մասին:

Հիմա ես մենակ եմ ավելի, քան եղել եմ միշտ: Այդ ամենից հասկացա մի բան, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր միակ կինը, որին ուշ, թե շուտ հանդիպում է կյանքում: Բայց մարդն ագահ է, նրա համար առաջնայինը եսի խնդիրն է, փողի ու հարստության հոտը:

Երբ նայում էի, թե ինչպես է մայրս փողոցներն ավլելով մաշվում, թե ինչպես է ամեն օր ձեռքի կոշտուկներն աղաջրով մշակում, իմ մանկությունում հոգևոր զգացմունքներ էին փշրվում ու ատելություն կար, զզվանք, նախանձ:

Ալիկի հետ ծանոթացրեց Կարենը, դեռ ականջիս էլ շշնջաց. «Ապեր, միլիոնատեր են»:

Հա, Ալիկը միլիոնատեր էր, բայց մեր ընկերությունը կառուցվեց փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե փողերի ակնկալիքով, չնայած շատ անգամներ որոշել եմ թալանել նրան: Դրա մասին նա երբեք էլ չի իմացել, դրա համար էլ ինձ լավ աշխատանք էր տվել մոսկովյան իր հյուրանոցում:

Ես հարգում էի նրա ձեռներեցությունը, աշխուժությունը, այդպիսի ստեղծող մարդ կյանքումս չէի տեսել… Նա անգամ կարողանում էր աղբից փող սարքել: Հին կերակուրներով աղբը վաճառում էր թափառաշրջիկների կամ շնաբուծարանների վրա: Բացի այդ կարողանում էր լեզու գտնել բոլորի հետ. նա բոլորի ընկերն էր: Ոստիկաններին, հարկայինի տեսուչներին, տարբեր մարդկանց նա դիմավորում ու ճանապարհում էր այնպես, որ նրանք համոզված էին, որ Ալիկն աշխարհի ամենալավ մարդն է, ինչ – որ տեղ նաև իրենց ընկերը: Ու դա Մոսկվայում, ու հայը:

Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ նրա հյուրանոց բարձրակարգ հաճախորդների անընդհատ հոսքը պայմանավորված էր երիտասարդ, տարբեր ազգերի, գեղեցիկ ու կրակոտ աղջիկներով, այսինքն, իրականում, դա հյուրանոց չէր, այլ կիսագաղտնի հասարակաց տուն: Ու ինձ միշտ հետաքրքիր էր, թե ինչպես է նա կարողանում այդ գործի մեջ ներգրավել կանացի այդ էլիտային: Այսինքն, խոստումնալից այդ գեղեցկուհիներին ի՞նչն էր ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ:

Մի՞թե այդ գեղեցկությունն էլ գին ունի և հնարավոր էր այդքան վճարել:

Մի օր չդիմացա ու հերթական բիլիարդի ժամանակ հարցրեցի: Նա սկսեց ծիծաղել, թփթփացրեց ուսիս, լրջացավ ու ասաց. «Տղերքն են բերում, եթե կկարողանաս, դու էլ բեր: Մինչև քսան հազար կտամ մի էգի համար: Հա, բայց նայի, փողոցայիններ չլինեն, տենց սաղ էլ կարան»: Ու շարունակեց հռհռալ: Ես հարցրեցի, թե ինչպես անծանոթ աղջկան ես այդպիսի բան առաջարկեմ, իսկ նա պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ իմանան, թե ինչի համար են գալիս»: Ես ավելի ուշ հասկացա, թե ինչ ի նկատի ուներ, բայց ամեն դեպքում սկսեցի «որսս»:

Անին իմ հինգերորդ զոհն էր: Մինչ այդ տարածներիս համար Ալիկը նեղվել էր, մի տաս հազար էր տվել ու կես կատակ, կես լուրջ բարկացել. «Էդ պառավ ուռոդներին որտեղի՞ց ես գտնում»:

Երբ եկա Երևան, որ օգնեմ մորս տեղափոխվել նոր գնածս բնակարան, ծանոթացա Անիի հետ:

Նոր էր ավարտել ինստիտուտը և հիմա անշարժ գույքի գործակալ էր: Լուսավոր աղջիկ էր, կրակոտ, կյանքով լեցուն: Հենց սկզբից որոշեցի, որ նա է լինելու իմ ջեք-փոթը ու սկսեցի սիրահետել նրան:

Աշխատանքը փոխելու մտքին կտրականապես դեմ էր, որովհետև սիրում էր իր գործը, սակայն բոլոր աղջիկներն ունեն նույն թույլ կետը. դա ամուսնությունն է:

Ինձանից հինգ տարով փոքր էր ու դա հեշտացնում էր արագացնելու ծրագիրս:

Շուտ սիրահարվեց, սկսեցինք ամեն օր հանդիպել, զանգեցի Ալիկին , բացատրեցի, թե ինչու կուշանամ և սկսեցի աշխատել միայն Անիի ուղղությամբ: Ավելի շուտ, մեր «հաջողակ և երջանիկ» ամուսնության: Ծանոթացա նրա մոր հետ, հայրը զոհվել էր պատերազմում:

Հիմա հիշում եմ, թե ինչպիսի բարի ու օրհնող հայացքով էր ինձ նայում այդ կինը: Իսկական ուսուցչուհու, մանկավարժի հավատավոր աչքերով:

«Գիտես, ես երկու ամիս առաջ բախտագուշակի մոտ էի գնացել, նա ասաց, որ շուտով ես գտնելու եմ իմ երջանկությունը, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է լինելու և հայտնվեցիր դու»,- մի անգամ ասաց Անին, երբ փաթաթված կանգնած էինք կամրջի վրա: Հետո ինձ նվիրված բանաստեղծություն էր գրել և դրել նվերիս տուփի մեջ. «Քեզ համար տաք բաճկոն եմ առել, որ չմրսես Մոսկվայում, նույնից էլ ինձ, ուղղակի կարմիր…»: Դա հագիս այս մոխրագույն բաճկոնն է, որից մինչև հիմա նրա հոտն է գալիս…

Ինքնաթիռում նա ամուր սեղմվել էր ինձ ու քնել: Ես նայում էի, թե ինչքան պաշտպանված ու հանգիստ է զգում իրեն: Այդ ժամանակ ոչինչ չէի զգում, այդ ժամանակ հոգիս մեռած էր:

Ալիկը տեսավ, կանչեց, ժպտալով ասաց. «Տես, որ ուզում ես, կարողանում ես, ապրես, սենց էլ շարունակի»,- ապա երեսուն հազար փող տվեց ու գնաց Անիի մոտ: Իսկ ես նույնիսկ կարգին չէի էլ համբուրվել նրա հետ: Չէի կարողանում: Մի օր ասաց, որ ես համբուրվել չգիտեմ, ոնց որ մեծ տղա չլինեմ, հետո ժպտաց ու ավելացրեց. «Լավ, հասնենք Մոսկվա, ես քեզ կսովորեցնեմ»:

…Ես լսում էի, թե ինչպես է նա ինձ օգնության կանչում, լսում էի, թե ինչպես է իմ անունը գոռում: Ես նստել էի պատի տակ, գետնին, ձեռքիս փողերի կապոցներն էին, իսկ ականջներումս Անիի ձայնը. «Սիրում եմ քեզ, գժուկ»:

Ամբողջ գիշեր երազումս մայրս էր իր հանդիմանող հայացքով, երբ ես դպրոցական տարիքում խաղալիքների խանութից «Tetris» էի գողացել: Նա այնքան մեծ էր, կանգնել էր իր ավելը ձեռքին ու լուռ նայում էր ինձ:Ես ուզում էի խոսել, բացատրել, հարցնել կամ ներողություն խնդրել, բայց չէր ստացվում, ինչպես այն ժամանակ, երբ «Tetris»-ը խանութ վերադարձնելուց աշխատողից պետք է ներողություն խնդրեի:

Առավոտյան ոստիկանություն գնացի: Իհարկե, Ալիկի մոտ ոչ մի անօրինական բան չգտան, միայն Անիին ու ինձ ուղարկեցին Հայաստան: Նրան` տուն, ինձ` ոստիկանություն:

Դատարանի դահլիճը համարյա դատարկ էր, նույնիսկ մայրս չէր եկել: Ես օգնություն խնդրող աչքերով նայում էի բոլորի ապակե հայացքներին ու ավելի ինձ չէի սիրում:

Այստեղ ես ամեն օր մտածում էի մեռնելու մասին, բայց չէի կարողանում ինքս ինձ վրա: Արդեն մեկ ամիս է անցել այդ ամեն ինչից ու ինձ այսօր օգնեց Անիի երկտողը. «Սիրում էի քեզ, գժուկ, ինչի՞ տենց արեցիր»… »

Google