Թռի՛, ծիտ

31-12-2011

546763_460528053990851_411484386_aԱնիի հետ ծանոթացել էի հինգ տարի առաջ, երբ երկուսս էլ ուսանող էինք: Սովորում էինք տարբեր բուհերում, բայց այդ տարիներին նա էլ ինձ պես հաճախ էր լինում ինտերնետ-սրճարաններում: Այդ ժամանակ առաջին կուրսում էի, և ինտերնետը նոր-նոր սկսել էր  հասնել նաև մեր կովկասյան պետություն և իրեն սիրահարեցրել գրեթե բոլոր ուսանողներին և երազկոտ արկածախնդիրներին: Անիի հետ «ման եկանք» երեք տարի և չորրորդ կուրսում ամուսնացանք: Նրա ծնողները լուրջ պաշտոններ էին զբաղեցնում և շատ հարուստ էին: Ինձ օգնեցին հիմնել սեփական արվեստանոց և մի քանի ցուցահանդեսներ բացել, որից հետո ինձ ճանաչեցին: Ես էլ սկսեցի շատ պատվերներ և լավ պատվիրատուներ ձեռք բերել:

Նկարներիս մեծ մասում Անիի շունչն էր, էլ չեմ ասում, թե քանի նկար եմ նկարել նրա դեմքով, մարմնով: Մարմինը նման էր կոկոն ծաղկի ցողունի, և ինքն էլ իմ առաջին բնորդուհին էր: Կիրակի առավոտյան, երբ բոլոր հարևանները քնած էին, թաքուն բարձրանում էինք մեր շենքի ձեղնահարկ ու մի փոքր էլ զբաղվում նկարչությամբ: Դա միակ տեղն էր, որ մերն էր: Մեր հարազատը:

Բարձրահասակ չէր, բայց աչքերն այնպես պայծառ էին, ինչպես երջանկությունից փայլող փոքրիկինը: Նրանից լույս էր ճառագայթում: Երբ ամուսնացանք, նրա ծնողները մեզ բնակարան նվիրեցին, և երկուսով սկսեցինք առանձին ապրել:  Նա այդ ահռելի երեքսենյականոցը լցրեց իր սիրով, հոգատարությամբ և լույսով: Դարձա երջանիկ: Սկսեցի աշխատանքային ժամերս ձանձրույթով և անհամբերությամբ սպասել, որ շուտ հասնեմ տուն, ըմբոշխնեմ  արքայական ճաշատեսակները և վայելեմ նրա քաղցր բույրը: Ամեն ինչ այնքան երազային ու տաք էր, և մենք արդեն սպասում էինք մեր փոքրիկի ծնվելուն: Մի օր նա ինձ խնդրեց, որ իրեն տանեմ մեր շենքի ձեղնահարկ: Այնտեղ մնացել էին դեռ իմ ներկերն ու կոտրված վրձինները: Հետո բարձրացանք տանիք: Շենքը հինգհարկանի էր, բայց շրջակա շենքերից ամենաբարձրը, և քաղաքն ամբողջովին բացվում էր մեր առաջ: Վաղուց այսպես չէինք նստել: Ես ավելի ու ավելի էի սիրում նրա փխրուն էությունը և խարտյաշ աչքերը:

-Գիտե՞ս, – հարցրեց ինձ հանկարծ,- կյանքում երբեք չդավաճանես ինձ ու չխաբես, լա՞վ… Ծիտը լուրը կբերի:

Ես գրկեցի նրա հպարտ ու փոքրիկ ուսերը, և նրա մեծ, խաժ աչքերը լցվեցին: Ամեն առավոտ դուրս էր գալիս շքապատշգամբ և հացի փշրանքներ լցնում ճնճղուկներին, փոխում սեղանին դրված վայրի ծաղիկների ջուրը և մազերը երկու պոչիկ անելով` նստում իմ կողքին.

-Վե՜ր կաց, առավոտվա սատանադ եկավ: Կուշանա՜ս,- ու համբուրում էր քիթս: Ես դեռ ոչ մի անգամ նրան չեմ նեղացրել, բայց վերջին ամիսներին նյարդային էր դարձել, դյուրագրգիռ: Անընդհատ ու ամեն ինչից վախենում էր: Երբ գրկում էր ինձ, զգում էի, թե ոնց է դողում, նույնիսկ ինձ հետ հանգիստ չէր: Բժիշկներն ասացին, որ դա առաջին հղիությունից է, սարսափելի ոչինչ չկա, կանցնի, միայն թե նրան կատարյալ հանգիստ էր պետք: Երկու օրով գնաց ծնողների տուն: Այդ ընթացքում ես հյուրասենյակի  ամբողջ պատին նրա աչքերը նկարեցի:  Ու ամբողջ կյանքում դա իմ միակ նկարն էր, որը հաջողվել էր և նույնիսկ ինձ էր դուր գալիս: Երբ տուն եկավ, միանգամից փաթաթվեց ինձ.

-Ես էլ չեմ կարող, չեմ ուզում,- շշնջաց ականջիս,- չթողնես, հա՞ ինձ… ես միշտ ուզում եմ կողքիդ լինել:

Իզուր համոզում էի, որ աշխարհում ամենից շատ իրեն եմ սիրում, որ իր համար… Ասես չէր հավատում: Նույնիսկ նկարիս համար ոչինչ չասաց: Գիտե՞ք, ինչքան էլ համարում էի ինձ ազատ, չենթարկվող, բայց տնային երջանկության կալանքն ինձ ահավոր հարազատ էր: Ես ուղղակի երջանկությամբ էի լցվում, երբ համտեսում էի Անիի սարքած տեսակ-տեսակ աղցաններն ու ճաշերը: Դրանցում տան համ կար…

Արդեն մեկ տարուց ավել է, նա չկա: Օրերիս մեջ մենակությունս սպանելով` ես անընդհատ ու անվերջ կարոտում եմ նրա հպարտ ուսերն ու ամեն անգամ հուսահատվում` տեսնելով, թե հյուրասենյակի պատից ինչպես են ինձ ժպտում նրա խաժ աչքերը: Խորություն, որտեղ կորչում ես: Ծննդաբերելիս մահացավ: Տղաս իր հետ տարավ նաև մոր կյանքը և իմ երջանկությունը: Ու քանի որ Անին միակ աղջիկը չէր, ծնողներն այլևս մոռացան իմ գոյության մասին, ես էլ` նրանց:Ինձ մնաց մի անիմաստ, անբնորդուհի արվեստանոց` խամրած գույներով, երեք սենյականոց ամայի մի ֆուտբոլի դաշտ ու տապանաքար` «Հավատարիմ կնոջս` Անիին»: Նկարիս աչքերն ամենուր ինձ հետ են: Ես ժամերով կարող եմ նստել հյուրասենյակում ու սուզվել այդ խաժ խորության մեջ: Մի բան հաստատ գիտեմ, բայց անընդհատ ստուգում եմ հենց այնպես, որ էլ երբեք ոչ մի կին չի կարող իմ մեջ արթնացնել մի որևէ զգացմունք:

Գերեզմանոցը մռայլ է, բայց հաճախ եմ լինում այնտեղ: Այսօր էլ իմ ծույլ միատեսակությամբ վերցրել եմ վայրի ծաղիկների դեղնանարնջագույն փունջն ու նստել տապանաքարի կողքի նստարանին: Ընդարձակ գերեզման է` ամբողջովին գրանիտից, նիկելե փայլուն ցանկապատով և մարմարի կտորտանքով ծածկված: Սովորաբար աշխատանքային օրերին եմ այստեղ գալիս, որ մարդիկ չլինեն: Այսօր էլ շրջակայքում ոչ ոք չկա, միայն ճանապարհին մի թաղման թափորի հանդիպեցի բավականին բազմամարդ, և շատերն էլ լացում էին ինչ-որ ծեր կնոջ համար: Նրա թաղմանը չարտասվեցի. աչքերիս լույսն էր կորել: Տեսնում էի, թե ինչպես պտտվեցին դագաղի պտուտակները, ու սպիտակ, ցեխոտ պարաններով իջեցրին այն փոսը: Ու կարծես շտապելով , իմիջիայլոց, բահերն արագ-արագ սկսեցին հողով լցնել փոսը, ու հողի հետ երևի այն որդերի ձվերն էին, որոնք արդեն կերել էին Անիին: Նրա շորերը մինչև այժմ էլ տանը մնացել են այնպես, ինչպես թողել էր ինքը, երբ Շտապօգնության մեքենան գիշերով տարավ նրան: Ընդհանրապես տանը ոչինչ չի փոխվել: Երևի միայն փոշին է ավելացել:

-Ներողություն,- հարցրեց մի կանացի ձայն,- պատահաբար ձեզ մոտ կարո՞ղ է բահ լինել:

Հարցնողը երեսունին մոտ կին էր` չթե ծաղկավոր սարաֆանով: Ես անձայն վեր կացա, բացեցի մետաղյա փոքրիկ պահարանն ու այնտեղից զինվորական կարճ բահը հանելով` մեկնեցի նրան:

-Շնորհակալություն,  ուղղակի վաղուց չեմ եկել, մոլախոտերի արմատները հաստացել են և ձեռքով պոկել չի լինում, հիմա կբերեմ:

Ինձ բացարձակ հետաքրքիր չէր, թե բահն ինչ էր անելու, մենակ մնալ էի ուզում գերեզմանային խորհրդավոր լռության հետ: Այս տարի որոշել եմ այս չորս անկյուններում եղևնիներ տնկել: Եղևնին, կարելի է ասել, նրա տարերքն էր: Ամռանն ուզում էինք գնալ Ռուսաստան և մի քանի օր վրանով անցկացնել ռուսական եղևնիների անտառում:

-Վերցրեք, շատ շնորհակալություն, վերջացրեցի հազիվ,- նորից եկավ այդ գիրուկն ու հիմա անիծյալ բահը քիթս է խոթում: Առանց որևէ բան ասելու նստեց կողքիս ու միանգամից.

-Ձեր կինն է, հա՞: Անի: Լավ էլ անուն է: Եվ այդքա՛ն երիտասարդ: Ցավում եմ: Դժբախտ պատահար, հա՞, գիտեք, հիմա ինչքան են…

-Ծննդաբերելիս է մահացել, և խնդրում եմ ինձ մենակ թողեք:

-Ես հասկանում եմ, որ խանգարում եմ ձեզ, ուղղակի այնպես տխուր եք: Երբ մայրս նոր էր մահացել, երեք տարի առաջ, ես էլ էի ձեզ պես տխուր, բայց հետո, ամեն անգամ գալով հասկացա` իմ տխրությամբ ես նրան նեղացնում եմ, պետք է ուրախ լինել: Եթե սիրում եք, նա ձեր կողքին է… Ծեծված խոսքեր են… Գիտեմ, այն ֆիլմից եմ սովորել, որ տղան գնում է բանակ, պատերազմ է սկսվում, հետո աղջիկը նամակ է…

-Ես ֆիլմեր չեմ սիրում:

-Ես էլ,- ծիծաղեց: Գեղեցիկ ատամներ ուներ ու անմիջական ծիծաղ, – մի քիչ նման ենք, ուղղակի այդ ֆիլմն ինձ հետաքրքրեց, որովհետև…

-Ծխում ե՞ք…

-Ոչ, շնորհակալություն: Գիտե՞ք, ես մեկ-մեկ մայրիկի համար ջութակ եմ նվագում: Նա լսում է:

Զարմացա: Մի՞թե այս օրիորդալեշը գիտե, թե ընդհանրապես ի՞նչ է ջութակը: Սկսեցի ուշադիր նայել նրան: Նա մուգ լաքած մանրահատակի գույնի աչքեր ուներ, որոնք կարծես միշտ լցված էին և սուրուլիկ քիթ:

-Դուք ջութակ լա՞վ եք նվագում:

-Դե, լսողները կգնահատեն: Ավարտել եմ Երևանի կոնսերվատորիայի ջութակի բաժինը: Այժմ աշխատում եմ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում,- հաղորդավարուհու նման հանդիսավոր, բայց կատակով հայտարարեց նա,- սա` ինքնակենսագրական: Իսկ դու՞ք ինչ եք անում:

-Ե՞ս… ես նկարիչ եմ: Հասարակ: Եվ… ընդամենը:

-Նկարի՞չ: Ես ուղղակի գժվում եմ նկարիչների համար,- տեղից ձեռքերն իրար զարկելով թռավ նա, ապա տխրած նայեց,- ներեցեք, կներեք ինձ, հա՞, հազար ներողություն:

-Բան չկա:

Կապույտ երկնքում Անիի աչքերն էին` մեծ, գեղեցիկ, որոնք խորամանկ ինչ-որ քմծիծաղով ինձ էին նայում:Փակեցի աչքերս: Մենակության օրերս իրենցն արեցին. Լիբիդոն սկսեց ճնշել:

-Դուք ամուսնացա՞ծ եք:

-Դեռ չեմ հասցրել,- ծիծաղեց,- բայց ժամանակն է: Նստեցի նրա դիմաց` տապանաքարին ու ձեռքն առա ափերիս մեջ: Հասկացավ:

-Ուզու՞մ եք գնանք մեր տուն,- զրնգուն ձայնով նետեց նա,- դուք ոչ մի տեղ դեռ այդպիսի ճաշ կերած չեք լինի…

-Այստեղ ավելի լավ է, հետո, եկեք մոռանանք ճաշերը,- քաշեցի նրա ձեռքերից դեպի ինձ,- արի մոտս:

Նա անխոս, շատ հեշտությամբ ենթարկվեց: Մենք համբուրվեցինք: Տապանաքարը մեծ էր ու գոլ, հաճելի, իսկ նրանից արհեստական վարդերի հոտ էր գալիս: Ցերեկվա այդ ժամին օդը կանգնած է, ոչ մի ձայն չկա ու շոգ է, իսկ ինձ սառը քրտինք էր պատել: Մի ծիտ եկել նստել էր նիկելե ցանկապատին ու տեղում թռչկոտում էր, մեկ-մեկ էլ ձայն հանում: «Մի՜ խանգարիր, թռի ծիտ, թռի՜, խնդրում եմ, գնա»: Ներսս անորոշ զզվանք էր ու ճնշվում էի, վեր թռա, գետնից քար վերցնելով նետեցի դեպի ծիտը: Քարը կպավ ծտին և գցեց խոտերի մեջ: Վազեցի վերցրեցի նրան ձեռքերիս մեջ: Սատկել էր: Նրան այդպես ափիս մեջ սեղմած` փախա: Դեպի տու՛ն, դեպի տու՛ն: Գնամ նկարեմ Անիին` Տիրամոր կերպարով:

15.10.2005 թ.

Google