Թույլ տուր

12-04-2014

0_4b7df_98672373_L            Միայն թույլ տուր ինձ և ես կսովորեցնեմ քեզ սիրել կյանքը: Ցույց կտամ, թե ինչպես են բացվում ծաղիկները, ինչպես է հաստ, ծանր ասֆալտը ճեղքելով փոքրիկ ու նուրբ ծիլը դուրս գալիս դեպի արևը… Ես կսովորեցնեմ, թե ինչպես նայել արևին, զգալ, թե ինչպես են ծովի ալիքները շոյում ոտքերդ: Քո քաղաքում, այդ գարշահոտության, տոթի ու կեղտի մեջ դու երբեք չես զգա, թե ինչպես են բուրում նոր ծաղկած ծիրանիները, ուրեմն թույլ տուր ինձ տանել քեզ ինձ հետ այնտեղ, ուր ես եմ ապրում, այնտեղ, ուր չկա ոչ մի շունչ մեր երկուսից բացի: Այստեղ աստղերն այնքան մոտ են երկրին ու այնքան շատ են, որ երկինքը չի երևում նրանց արանքներից: Ես քեզ ցույց կտամ, թե ինչպես է խռովում յասամանը, ինչպես են տխրում վարդերը… Ճիշտ և ճիշտ քեզ նման… Դու պետք է լինես ուժեղ, աղջիկս, պետք է այդ փոքրիկ ծիլի նման ճեղքես ասֆալտից էլ ծանր այդ դժվարություններն ու գլուխդ հառես դեպի արևը… Տուր ձեռքդ ու արի ինձ հետ: Ես քեզ կսովորեցնեմ նկատել վաղորդյան ցողը, որը չես տեսել երբեք դու քո քաղաքում, կսովորեցնեմ լսել ջրի ձայնն ու սարի ծամոն սարքելը…

Աշխատանք – տուն – աշխատանք: Գիտեմ, որ զզվել ես այդ կարուսելից, դարձել ես ռոբոտ, կորցրել զգայականդ, մանավանդ, որ այն շատ ուժեղ են կոտրել, բայց հիշիր մի պահ ինձ: Ախր, ես քեզ նման եմ, ես քեզնից ավելի շատ եմ տխրել… Դու չես էլ իմանա, թե ինչքան եմ փորձել, ինչքան եմ հուսահատվել… Բայց հիմա ես նկատում եմ, թե ինչպես են ամեն գարուն մանր ճյուղերից իրենց բույնը հյուսում թռչունները, ինչպես են մեղուներն ամպի նման թռչում դաշտերով: Ես ուզում եմ, որ դու քո տանը քեզ լավ զգաս, ես ուզում եմ, որ գարուն գա քեզ համար… Ես քեզ այնքան շատ բան ունեմ տալու ու պատմելու, միայն թույլ տուր ինձ, որ սովորեցնեմ սիրել կյանքը, թույլ տուր ապրեցնեմ, սովորեցնեմ երազել…

Google