Ու ես հիմա պարտավոր եմ ժպտալ…

31-12-2011

644110_460526730657650_1806842280_aՍառը քամի կա անցորդների կիսատ հայացքներում բոլոր, անգամ սառը օդ է գալիս օդափոխիչի փոշոտ անցքերից… Աշնան սկիզբն է դեռ… Մտամոլոր դեմքերն արդեն բազմապատկվում են օրեցօր, թախիծ է իջել վաղուց ամենուր… Ես անհաղորդ եմ բոլոր գորշ գույներին և անգամ գուլպաներս եմ կարմիր նախընտրում, բայց իջել է հիմա մի մեղք տխրություն իմ ամռան պայծառ երանգների վրա: «Կմեռնի», — ասում են նրանք այնքան հեշտությամբ ու նայում վրադ իրենց բան չասող պաղ աչքերով մեռած ու չեն զգում երբեք, թե ինչեր ես դու այդժամ մեջդ խեղդում, որ դուրս չհորդեն արցունքի, ցավի գետերը վարար…

«Կմեռնի… Շուտով…» Ու ոչ մի բարի դեմք, ոչ մի բարի բառ… Մեռնելու է` վերջ… «Իսկ ես ցավում եմ…» : Ա~խ, ի՞նչն ես ցավում… Իսկ դու գիտե՞ս, որ… Չէ, դու չես ցավում, իմ մեջ է ցավում: Ու գլորվում են անզոր կաթիլներն այտերիցդ վար ու քեզ փրկելու է գալիս լուսամուտը փակ, որի անծայրածիր հեռվին նայելով` թաքցնում ես բոլորից ցավերդ թափվող…

Շուտով… Հիվանդանոցային բանտոտ պատերում ետառաջ անելով անցնում են ժամեր, անցնում ես միլիոնավոր մտքերի ու հիշողությունների միջով, գլուխդ սկսում է մեծանալ ասես ու շարունակում ես կորացած հոգով սիգարետներ վառել…

Շուտով… Իսկ այսօր իմ քսանհինգամյակն էր… Գիշերը հեռախոսիս հաղորդագրություններ էին գալիս, հիմա ցերեկ է` զանգերն են հաճախացել, բայց միակ ցանկալի զանգն այս պահին բժշկի զանգն է, ով ասելու է` «Շուտով… Կմեռնի…» : Եթե ասեմ` տատ, դու իրավունք չունես, եթե ասեմ` տատ, ախր առանց քեզ ես ո՞նց պիտի ապրեմ, կզարմանա… Կհասկանա… Իսկ հիմա սպասում է անընդհատ, որ լավ կլինի… Շուտով… Որովհետև հավատում է ինձ, որովհետև ես երբեք չեմ խաբում, որովհետև գիտի, որ տասնչորս օր հետո ամեն ինչ կլինի առաջվանը, որովհետև ես եմ այդպես ասել… Ու բացի այդ այսօր իմ ծնունդն է… Ես ծնվել եմ քսանհինգ տարի առաջ այս օրը ու նա աշխարհի չափ ուրախացել է ու աշխարհն իրենն է եղել… Ու քսանհինգ տարի ես ապրել եմ նրա հետ և նա` ինձ համար… Այս օրը ես ծնվել եմ… Իսկ նա՞…

Շուտով… Ես թքած ունեմ սրանց բոլոր հաշվարկների վրա, ես չեմ հավատում այս խոսքերին բոլոր, անքննելի են գործերն Աստծո, տատ, տուր ինձ ձեռքդ ու հեռանանք մղձավանջից… Արի գնանք մեր հին այգին ու խոտերին ծածկոց փռենք, պայուսակից հանիր հերթով ու ծածկոցին էլի շարիր, մեր խաշած ձուն, թարմ թարխունը, լավաշ ու բողկ, աղամանը… Տատ, պատմիր ինձ Անդրանիկի մասին, իմ պապին` Դրոյին հիշիր, հիշիր, թե ինչպես էր Սոսեն թևութիկունք դարձել Սերոբին ու լսիր ինձ… Առաջին անգամ, բեր դու լսիր ինձ… Տատ, ախր մյուս տարի դու պետք է ինձ հետ լինես, որ ես մենակ չմնամ, որ նրա խոնարհ գլխից հանես քողը, որ համբուրես մեզ ու քո անհուն սրտով օրհնես մեզ ու մեր ապագա բալիկներին…

Վիրահատությունն անցավ հաջող, ամեն ինչ լավ վերջացավ… Ես տեսա նրան խեղճացած, հոգնած… Բժիշկներն ասացին, որ իմ անունն է տվել ամբողջ ժամանակ… Ես հիմա նայում եմ նրա քնած դեմքին, նա աչքի տակով նայում է ինձ ու հարցնում ո՞նց ես… Ի՞նչ ասեմ նրան, երբ չգիտեմ, թե ինչ կլինի վաղը… Ես ժպտում եմ ու ասում. «Լավ եմ , տատ…» … Իսկ մտքիս մեջ կրկնում` տատ, սիրում եմ քեզ, ու ասում եմ տատ, չհավատաս սրանց երբեք, ես քեզ հետ եմ, կողքիդ, ինչպես դու ես միշտ իմ կողքին եղել… Ես այստեղ եմ, տես, քեզ համար գույնզգույն խալաթ եմ բերել, որ հագնես ու միասին զբոսնենք միջանցքներով այս տոթ, ես հիմա կժպտամ քեզ, որ դու չկասկածես ոչ մի վայրկյան, որ շուտով…

Տատ, բեր խաբեմ քեզ այս մի վերջին անգամ ու ասեմ, որ շուտով, որ շուտով ամեն ինչ կլինի առաջվանը, դու էլի կորացած կնստես մինչև ուշ գիշեր սեղանի մոտ ու խաչբառներդ կլուծես, գրքերդ կկարդաս ու հետո ոգևորված կգաս իմ սենյակ, որ ճշտես` կարդացել եմ ես այդ գիրքը, թե`չէ, ու թե հանկարծ ինչ-որ օրերի մեջ մոռացած լինեմ կամ անծանոթ լինի ասածդ վերնագիրը, դու թափ կտաս կիսաբարկացած ձեռքդ ու բարի կհանդիմանես, թե էլ չենք կարդում… Տատ, ո՞վ ամեն առավոտ պիտի գրասեղանիս մոխրամանը թափի ու բարի բարի փնթփնթա, թե ինչ շատ եմ ծխում… Ներսս ցավում է հիմա, տատ, ինչպես քոնը այն ժամանակ, իմն ավելի է ցավում, բայց ես հիմա պարտավոր եմ ժպտալ, որ իմ աչքերի միջի ժպիտով դու նայես աշխարհին ինչպես միշտ ու հանգիստ լինես, թե ամեն ինչ ամենուր կարգին է… Ես հիմա պարտավոր եմ, ես հիմա ժպտում եմ, տատ… Հավատա ծամածռված դեմքիս այս անհոգ ժպիտին, հավատա, որովհետև շուտով…

Google