Ուրբաթ օրը

31-12-2011

speed«Մենք կհանդիպենք վերջին անգամ` ուրբաթ օրը և դրանից հետո դու իմ մասին կմոռանաս: Այլևս չես հիշեցնի քո մասին, կկորես իմ կյանքից և ես ամեն ինչ կսկսեմ զրոյից, ասես` չես էլ եղել: Ես գիտեմ, որ կարոտել ես ինձ, չնայած այսքան ժամանակ ես քո մասին կարողանում էի չհիշել, բայց հայտնվելուցդ հետո զգացի, որ իմ մեջ էլ ահավոր կարոտ է կուտակվել: Այդ օրը մենք վերջին անգամ կքնենք միասին, և բեր ամեն ինչ անենք, որ այդ օրը մեր ընկերության ընթացքում եղած բոլոր օրերից ամենալավը լինի»:

Նա այդ մասին ասաց ինձ, երբ մեր բաժանումից անցել էր արդեն երեք կամ չորս ամիս: Այդ չորս ամսվա ընթացքում ես ամեն ինչ արել էի նրան մոռանալու համար, սակայն բոլոր փորձերս անհաջողությամբ էին ավարտվել… Բոլոր նոր ծանոթություններս անհետաքրքիր էին, եթե առաջներում ամեն ինչ կանեի, որպեսզի նոր ֆլիրտներս ավարտվեին անկողնում, ապա այդ ընթացքում խուսափում էի անգամ համբույրներից կամ ցանկությամբ լի հայացքներից: Այդ ընթացքում ես տեսել եմ սենյակներում մերկ մարմիններ, խելահեղ ու անսպառ կրքով լի երեկույթներ ու ամեն անգամ ինձ ավելորդ եմ զգացել, տեսել եմ ալկոհոլային շատրվաններ, երազանքի ուկրաինուհիներ, պարեր, ամեն տեսակ թիթիզ միջոցառումներ, բայց տեսել եմ միայն: Ու ինչքան էլ ընկերս ինձ ստիպելով քարշ էր տալիս ամեն անգամ այդ տոներին, ես միշտ կիսաքնած կամ անկյանք ներկա էի լինում մինչև փախչելս:

Օրեր առաջ ես նրան տեսա փողոցում` ընկերուհիների հետ անհոգ զբոսնելիս, առաջվա պայծառ ժպիտը դեմքին ու նախանձեցի: Նրա` այդ անհոգ ու հեշտ ազատված կերպարի համար: Ես մտածեցի, թե ինձ չի հիշում… Արդեն չի հիշում: Զանգեցի:

– Բարև:

– Բարև:

– Ո՞նց ես:

– Լավ եմ, ինչի՞ ես զանգել, ի՞նչ ես ուզում:

– Քեզ:

– Հա, կարոտել ես` հիշել ե՞ս:

– Ես քեզ չէի մոռացել, որ հիշեի:

– Էլ աշխարհում աղջիկ չի մնացե՞լ, որ իմ մասին դեռ հիշում ես:

– Ես քեզ սիրում եմ ու մի ախմախ բաներ խոսա:

– Սիրու՞մ (ծիծաղում է): Դրա համա՞ր թողեցիր ինձ ու չորս ամիս ա` չկաս:

– Առանց քեզ չեմ կարողանում, գիտե՞ս: Հասկացա, որ անհնար ա:

– Ու դրա համար պահանջվեց չորս ամի՞ս: Բա ես ո՞նց եմ կարողանում: Հիշու՞մ ես, որ քեզ ասում էի, թե առանց քեզ չեմ կարողանա ապրել, կգժվեմ, կմեռնեմ, իսկ դու էլ պատասխանեցիր, որ չկա տենց բան, բոլորն էլ առանց բոլորի կարող են: Ճիշտ էիր, գիտե՞ս: Սկզբում դժվար էր, բայց հիմա նենց լավ ա: Նենց ազատ եմ, առաջվա նման ուժեղ, առաջվա նման ուրախ ու ժպտերես:

– Հա, տեսա, որ լավ էլ ուրախ ես, նոր ընկերուհիներ ունես…

– Փաստորեն, որ չտեսնեիր, էլի չէիր զանգելու՞…

– Չէ, հարցը դրանում չի, ուղղակի, կարողանում էի զսպել ինձ, բայց որ նոր տեսա, չդիմացա, հասկացա, թե ինչքան շատ եմ քեզ կարոտել ու ինչքան շատ եմ սիրում:

– Դու ինձ չես սիրում: Սիրող մարդն ի վիճակի չի այդքան երկար դիմանալու, մանավանդ, որ գիտեիր, թե ինչ վիճակում եմ ես, թե ինչքան ծանր եմ տանում մեր բաժանումները, այս անգամ նույնիսկ մտածում էի ինքնասպանության մասին ու եթե չլինեին ընկերուհիներս…

– Բոլորն էլ սխալվում են, չէ՞: Տես, բան չեմ ասում, գիտեմ, որ սխալ եմ, մենակ խնդրում եմ, արի ամեն ինչ սկսենք զրոյից ու ճիշտ, արի չքանդենք մեր պատմությունն ու երջանկությունը: Եվ հետո աններելի մեղքեր չկան, Աստված ասել…

– Երբվանի՞ց ես սկսել հավատալ Աստծուն: Չէ, ես հիմա նոր կյանք եմ սկսել ու չեմ ուզում վերադառնալ քո մոտ: Մենք չենք կարող միասին լինել: Ես քեզ քանի՞ անգամ եմ ներել, քանի՞ անգամ եմ ես քեզ շանս տվել: Բայց ամեն անգամ անցնում էր մի ամիս, դու տարվում էիր մեկով ու ինձ մոռանում: Իսկ ես երբեք չեմ կարողանա մոռանալ այն ցավերը, այն բառերը, որն ամեն անգամ ասում էիր ինձ: Հիշու՞մ ես, որ վերջին անգամ եկել էի ձեր տուն դու քնած էիր: Ես հանվեցի, պառկեցի կողքդ, իսկ դու արթնացար, տեսար ինձ, սկսեցիր հայհոյել ու գնացիր տնից: Գիտե՞ս ինչքան ահավոր ա, որ քեզ անցանկալի ես զգում, թեկուզ մենակ էդ: Չասեմ էլ ստերդ ու դավաճանություններդ:

– Ես քեզ չեմ դավաճանել:

– Դավաճանությունը մենակ քնելը չի: Եթե պահի տակ, չգիտեմ, ասենք խմած լինեիր կամ չգիտեմինչ, մեկին տեսնեիր` քնեիր հետը, դա էլի կկարողանայի հասկանալ մի կերպ ու ներել, չնայած ես քեզ ամեն ինչ եմ տվել ու դու դրա իրավունքն էլ չունեիր, բայց այն, որ մենք երեք տարի միասին ենք ու դու ինչ-որ անարժեք լրբերի հետ ես ինձ փոխում, ինձ ասում ես, որ իրենց հետ ավելի հետաքրքիր ա, ինձ ասում ես, որ ես պառավել եմ, որ գեշ եմ, որ սպառվել եմ… Ես քեզ կյանքում չեմ ների ու դու գիտես ինչի:

– Բա ի՞նչ ես անելու: Ուրիշի հե՞տ ես ամուսնանալու:

– Հա, քեզ թվում ա, թե ինձ չեն սիրի՞: Ի՞նչ, խանգարելու՞ ես:

– Մոռացե՞լ ես, որ դու իմ սեփականությունն ես:

– Չէ, սխալվում ես… Նա, ով քո սեփականությունն էր` մեռավ, ինքնասպան եղավ, հիմա ես ուրիշ եմ, էլ նա չեմ, ում սիրել ես… Ինքը չկա: Հետո ես լիքը մարդկանց հետ եմ շփվում, լիքը նոր մարդիկ ու հիմնականում` տղաներ, կան իմ շրջապատում: Քեզ էդ դուր չի գա…

– Պարզ ա

– Ի՞նչ: Մտածում ես պոռնի՞կ եմ:

– Չէ:

– Բա ի՞նչ էիր ուզում: Դու ինձ ամեն կերպ հանեցիր կյանքիցդ, ամեն տեսակ: Հիշու՞մ ես, որ ասում էիր` էլ ինձ մի զանգի, թե չէ ձեր տնեցիքին կասեմ, որ հանգիստ թողես.. Հիշու՞մ ես… Ո՞ր մեկն ասեմ…

– Բան մի ասա: Ես ամեն վատ բան մոռանում եմ, որովհետև չարությամբ չեմ արել, ես հիշում եմ միայն լավերը: Մենակ մի բան եմ ուզում, բեր վերջին անգամ հանդիպենք:

– Ես խոսելու ոչմիբան չունեմ քեզ հետ ու մոռացի, թե երբևէ մենք նորից միասին կլինենք…

– Ես կարոտել եմ, ուզում եմ քեզ…

– Ես չեմ կարող…

– Հիվանդ ե՞ս:

– Բացի դա: Չեմ ուզում: Ուզում եմ ուղղակի գնաս իմ կյանքից:

– Մենակ էդ դեպքում կկարողանամ:

– …

– Խնդրում եմ:

– Լավ, ես կմտածեմ, համ էլ մի երկու օրից գործերս նոր կպրծնեն… Կմտածեմ, քեզ նամակ կգրեմ, մենակ խնդրում եմ, էլ ինձ չզանգես մինչև էդ:

– Լավ…

 

Այդ օրը կիրակի էր: Նամակը ստացա երեքշաբթի գիշերը: Պայմանավորվեցինք ուրբաթ առավոտյան հանդիպել: Սկզբում ուրախացել էի, հետո սկսեցի մռայլվել, ամեն ինչ միատեսակ էր ինձ թվում, ամեն ինչ` անարժեք: Չգիտեի, թե ինչ պետք է անեմ մեր հանդիպումից հետո, սկսել էի հավատալ, որ նա կգնա ու էլ երբեք հետ չի վերադառնա: Մտածում էի, որ նա մի օր ուրիշինն է լինելու ու այդ մտքից սիրտս ցավում էր, չէի կարողանում քնել: Հետո որոշեցի: Ու հաջորդ ամբողջ երկու օրս ես տրամադրեցի ՁԻԱՀ-ով հիվանդ գտնելուն: Որոնեցի ինտերնետում, հարցրեցի, գրեթե, բոլոր ընկերներիս: Ամեն ինչ ապարդյուն անցավ: Ամեն ինչ գաղտնի էր, անգամ հասարակական կազմակերպությունները հրաժարվեցին ինձ նման տեղեկություն տրամադրել: Ծանոթությունների կայքում էջ էի բացել ու վերնագրել. «Փնտրում եմ ՍՊԻԴ-ով հիվանդի»: Բոլորը կատակով էին նայում, բոլորն անլուրջ էին վերաբերվում գրածիս:

Մենք հանդիպեցինք ուրբաթ օրը: Ու թեև ես պատրաստ էի ամեն ինչ տալ մինչ մեր հանդիպումը վարակվելու համար, այդպես էլ ինձ մոտ ոչինչ չստացվեց… Եվ չնայած, որ նրա մոտ կանացի օրերը վերջացել էին մեր հանդիպումից երկու օր առաջ, ես արդեն մեկ շաբաթ է` ամեն օր աղոթում եմ, որ նա հղի լինի…

Google