Ուղղակի

31-12-2011

184829_460524303991226_99550848_aՈւղղակի մեր սերունդն անտեր մեծացավ: Մենք կորցրեցինք մեր հայրերին պատերազմում, Ռուսաստաններում, հանապազորյա հացի անվերջ ու դժվար որոնումներում: Մենք շուտ մեծացանք: Մեզ տվեցին ռումբեր, նռնակներ տարբեր ու ասացին` դե խաղ արեք հիմի: Մենք սովորեցինք հացի հերթեր կանգնել ու հալած մոմերից նորերը սարքել, մենք անկախության դասերն էինք սերտում նավթի լույսի տակ: Մենք դառանք գողեր տարբեր չափերի, ով համաձայն չէր` մուրում է հիմի: Մենք բաժանվեցինք հազար մասերի ու լրացրեցինք աշխարհի բացը, այնտեղ ուր չկայինք կամ քչացել էինք, համալրեցինք շարքերն այդ բացի. բժիշկներ դարձանք, որպեսզի բուժենք ցավը օտարի, օտարի հողում, օտարի համար: Մենք մեր ցավերը լիզելով բուժինք: Մենք դարձանք երգիչ, որ նույն օտարի ուրախ պահերը լցնենք մեր երգով, բայց մեր երգերի բոլոր տողերում մեր ցավը դրինք` նրանց անհաղորդ: Ամենքս դարձավ ընտանիքի սյուն, որ հանկարծ մի օր չփլվի տունը մեր նախապապի: Յուրաքանչյուրս դարձավ մի ծնող` մեզանից փոքր մեր եղբայրների ու մեր քույրերի հավատն ու բախտը ամուր դարձնելու: Մենք շուտ ծերացանք ու չընկալեցինք, որ սեփական կյանք տենց էլ չունեցանք, որ մեր այսօրը, երեկն ու վաղը մենք անցկացրեցինք անվերջ պայքարում, բայց և հաղթեցինք: Միայն թե երբեք մեր հաղթանակը մեզ համար չեղավ: Մեր ամեն օրը լի է հավատով, որ վաղը, մի օր` մեզ լավ կլինի: Որ մենք էլ հանկարծ կդառնանք տանիք, կդառնանք օջախ ու ծուխ կհանենք մեր նորակառույց երդիկից մի օր: Մեզ մնաց ամուր ընտանիքի հույս… Որ մեր կառուցածը կլինի ամուր, մեր բալիկները կլինեն անհոգ ու մենք անպակաս` նրանց գլխներից: Մենք մեր չեղածը, մեր չունեցածը ու չտեսածն ենք ուզում արարել: Ու ամեն մեկս իր հոգու խորքում փնտրում է այդպես մի լավ, ամուր հույս, մի անքակտելի ընտանիքի հայր կամ մի անուշ կին: Մեր կյանքը անցավ մաքառումներում, մթի ու սովի, ցավի, կորստի ու բաժանումի ժամանակներում: Հիմա մենք պետք է կառուցենք մերը ու ձերբազատվենք մեզ պարտադրված այս կեղծ խաղերից: Բռնիր իմ ձեռքը, բեր անցնենք առաջ…

Google