Վճարված է

14-03-2015

dengi

Իմ ձեռքերը մինչև արմունկները թաթախված են արյան մեջ, իմ անունը միայն բավական է, որ հազարավոր մարդկանց դեմքին ակամա վախ նկարվի: Իմ ներկայության մասին շատերն են երազում և ես իմ տեսակով փորձանք եմ քո պես անմեղ աչքերով աղջիկների համար: Մութ պատմություններ, կասկածելի գործարքներ, խաղատներ, անգամ թմրանյութեր կամ բացարձակ լավը: Աշխարհի ամենահամեստն ու կիրթը, մարդկայինը, զգացմունքայինը…

Այս ամենն իմ մասին է: Այսպես իմ մասին պատմում են մարդիկ, ովքեր երբեք էլ ինձ չեն ճանաչել, ում մարդ տեսակը, հազիվ թե, հնարավորություն ունենար երբևէ իմ կողքին հայտնվելու, որովհետև իմ շրջապատում բոլորն ազնիվ են:

Ինձ շատ քչերն են ճանաչում, անգամ դու, որ վստահ ես այդքան, թե ինձ ճանաչել ես կամ ավելի վատ` ես եղել եմ քոնը, երբեք չես իմացել, թե ես ով կամ իրականում: Քո տեսակին բնորոշ է բամբասանքն ու սուտը, դրանց վրա կառուցված ամեն ինչ: Քո իրականությունն այնքան հեռու է իմ կյանքից:

Ես չէի հիշի քեզ: Չէի մտածի երբեք քո մասին, եթե կարողանայի հասկանալ, թե ինչքան արժեր քո սեր կոչված խաղը: Բայց հաշվելն անօգուտ է:

Կարևոր չի, թե ինչպես սկսվեց կամ ով սկսեց խաղը, բայց մեր տարբերությունն այն էր, որ խաղը միայն քեզ համար էր: Քեզ հարկավոր էր կողքիդ ունենալ ինձ: Հարկավոր էր մի կարճ ժամանակ անցկացնել ինձ հետ, որպեսզի ինքնահաստատվեիր, որպեսզի սոց կայքի իմ էջում հայտնվեին քո նկարները, քո մոտ` իմերը, մերը: Որ տեսնեին բոլորն ինձ ու քեզ միասին, որ քո հեղինակությունը դրանով բարձրանար, այլապես ինչի՞ էիր ստիպում անթիվ նկարներ տեղադրել, ուր քեզ համբուրում եմ, ուր գրկախառնված ենք: Եթե մեծ բեմադրություն էր քեզ պետք ու թատերական ներկայացում` ասեիր, ես ավելի լայն կժպտայի լուսանկարներում ու ավելի ցուցադրական կփաթաթվեի քեզ:

Դու անվերջ դժգոհում էիր, թե քեզ չեմ ներկայացնում ամենուր, անվերջ դժգոհում էիր, որ քիչ են մեր համատեղ ֆոտոները, որ ամբողջ երկրագունդը տեղյակ չի դեռ, որ մենք իրար հետ ենք: Այս պահը կարևոր է: Իրար հետ, ոչ թե` միասին: Մենք երբեք միասին չենք եղել, մենք ուղղակի մի կարճ ժամանակ իրար հետ ենք եղել ու վերջ:

Հիմա, կարծես թե, մեկը կա կողքիդ: Չեմ կարող ասել նա երջանիկ է քեզ հետ, թե` ոչ, կամ դու երջանիկ ե՞ս, բայց նա ամեն օր շրթունքներով իմ հետքերն է փորձելու վրայիցդ մաքրել: Ամեն օր ու ժամ նա փորձելու է սիրել քեզ այդպես օգտագործված, այդպես արդեն մաշված:

Ինձ մի բան է միայն զարմացնում: Այսքան ժամանակ ոչ դու, ոչ էլ նա ոչ մի համատեղ լուսանկար չունեք, ոչ մի տեղ նա չի ներկայացնում քեզ ու ոչ էլ դու` նրան: Չնայած, դա ձեր գործն է, անկեղծ ասած, իմ … Չէ, մի քիչ ավելի նուրբ` ինձ հետաքրքիր չի: Միայն կուզեմ, որ միասին լինեք, ոչ թե` իրար հետ: Ամեն դեպքում` տղա է:

Իմ բարձրագույն տնտեսագիտական կրթությունն էլ չի օգնում հաշվել, թե ինչ արժեր քո սերը: Ինչքա՞ն: Բայց այսօր դա էլ էական չի: Քո փոխարեն վճարված է…

 

Google