Խարույկ

31-12-2011

154386_460480470662276_1487794885_aՔո մեղավոր ձեռքերից ես մի օր պսակներ առա, որոնք հետո պիտի սրբացնեին այն խարտիշահեր աղջկան: Իսկ այգին փորձում էր ինձ գողանալ իր դատարկ անկյուններից ու քարշ էր տալիս քեզ ամառային կարճ շրջազգեստով: Ձյունը ծածկել էր նոր շարած կանաչ խոտը, սրճարանի տերը հայհոյում էր ծեր այգեպանին, իսկ շրջազգեստդ մատնում էր, որ քեզ տաքանալ է պետք: Իմ աչքերը չէին կարող երկար անտարբեր մնալ, և ես պարտված չլինելու համար լքեցի իմ կանաչ, երկաթյա նստարանն ու թողեցի քեզ անհայացք: Ձյան մենակության և կոշիկներիս հետքերի հետ խաղալով, մոռացա մի պահ քո մրսած քիթը, բայց հետո հասկացա նաև, որ կապտած ոտքերդ որոշել են դառնալ ինձ ընկեր: Քեզ ջերմացնելու համար ես շատ բաներ այրեցի: Շատ բաներ էլ այրվեցին արդեն քեզանից հետո:

Մի ուշ գիշեր, երբ արդեն օրերիս մեջ ուրիշ երազանքներ ունեի ու լրիվ տարբեր էին իմ մտքերը կերպարիցս, պատահաբար մի անկյունում հասկացա, որ քեզ ջերմացնելու համար, բավական էր ընդամենը մի փոքրիկ լուցկի… Դրա համար այն ժամանակ դու այրվեցիր իմ խարույկից ու մնացիր սառած քթով:

Google