Յոթ օր

16-02-2013

483016_463385460371777_20214196_a Ես տեսա նրան առաջին անգամ Ծաղկաձորում: Կուսակցական հավաք էր ինչ-որ, երիտասարդ կուսակցականների հանգիստ-սեմինար կամ այդտեսակ, նմանատիպ անվանումով միջոցառում: Էականը դա չէ, քանի որ իրականում էլ, ուղղակի, պատանիներ էին հավաքվել տարբեր շրջաններից, տարբեր շրջաններ ներկայացնող, տարբեր մոտեցումներով, տարբեր շարժառիթներով: Միայն հիշում եմ, որ լուրջ ինչ-որ բան չկար, այլապես ես այնտեղ չէի լինի: Ես դարձա կուսակցական, որովհետև բոլոր ընկերներս փայլփյուն նշաններ էին կրում իրենց պիջակներին, իսկ ես չունեի: Դարձա, որովհետև հաճախ այստեսակ հավաքներ էին լինում և ինձնից ոչինչ չէր պահանջվում, այլ մասնակցել, ուրախանալ, ծանոթանալ և լավ ժամանակ անցկացնել: Եվ քանի որ երիտթևի կարկառուն ներկայացուցիչներ էին դարձել ընկերներս ժամանակների ընթացքում ինձ միաձայն ընտրեցին քարոզչական մասի պատասխանատու: Մի խոսքով, հերթական հավաքի ժամանակ հանդիպեցի նրան: Մինչ այս էլ էի հանդիպել շատերին, բայց այս մեկի մասին է պատմությունս, որովհետև անսովոր մի տիպ էր նա: Մեզ ծանոթացրեցին, անունը Լիկա էր, ամեն դեպքում, այդպես ներկայացավ կամ ներկայացրեցին: Լավ խմած էի, տղերքը նախապես լուրջ պատրաստված էին եկել: Մեր շփումը բավականին հեշտ սկսվեց, բավականին հեշտ շարունակվեց և բաժանվելիս, երբ արդեն բոլորս գնում էինք Երևան, ես վերցրեցի նրա հեռախոսահամարը և մի փոքր համոզելուց հետո իմ մեքենայով տարա տուն: Ավտոբուսում, թերևս ավելի լավ կանցներ, բայց երկուսս էլ նախընտրեցինք առանձնանալ: Նա` չգիտեմ ինչու, իսկ ես, որովհետև լավ առիթ էր: Խոստացանք հաճախ տեսնվել, նա խոստովանեց, որ ինձ հետ շատ լավ է, հետաքրքիր, հեշտ և հաջորդ ժամադրությունն արդեն հաջորդ օրն էր: Ես թողել էի ամեն ինչ, հետաձգել էի ինչ ունեի, որ նրա հետ անցկացնեի ժամանակս: Ի՞նչ կար նրա մեջ, որ այդքան ձգում էր այն ժամանակ չէի հասկանում, բայց հիմա աղոտ կարողանում եմ մտաբերել: Տասնինը – քսան տարեկան էր, խելացի, աշխույժ ու շատ գեղեցիկ: Շատ գեղեցիկ ասվածն ահավոր անհեթեթ է, չի էլ հնչում: Գեղեցիկի նկարագրությունները միշտ էլ թերի են, տեսնել է պետք,պետք է զգալ: Մենք հանդիպեցինք ուղիղ յոթ օր: Իմ կյանքում նա տևեց այդքան, բայց մինչև հիմա դեռ մնացել է այն հետագիծը, որն օրերի մեջ անընդհատ խուտուտ է տալիս ներսս և ես շարունակում եմ ձգտել դեպի Նա-ն:

Օր առաջին

Ես սպասում էի նրան իրենց տան մոտակայքում, խաչմերուկի մոտ, մեքենայիս մեջ նստած: Մի քանի ժամ առաջ ամբողջովին լվացել էի մեքենաս, ինձ, մտքերս ու անհամբեր եկել:
– Ինչ հիմար մեքենա ես քշում, – ասաց նա դժվարությամբ տեղավորվելով կողքիս, – ոնց որ երկրորդ հարկ բարձրանամ:
– Իսկական տղեն պիտի ջիպ քշի, որ ցանկացած տեղով կարողանա հանգիստ անցնի, հետո մեծ մեքենան իմ աշխատանքի համար շատ ա հարմար, ուր ասես գնում եմ:
– Իսկական տղեն ո՞րն ա: Էդ քո ասած իսկական տղեն առանց ջիպի էլ ամեն տեղով կանցնի, եթե դա ի նկատի ունես: Իսկ ինձ թվում ա, դու ուղղակի կոմպլեքսավորված ես, ու եթե դա տենց ա, մեքենայիդ չափերը չեն օգնի: Տրակտոր քշի էլի, – ու սկսեց բարձրաձայն ծիծաղել, – կամ «ԶԻԼ», «Զիլլիիդ» հետ կսազի:
Ես ոչինչ չասացի: Լկտի կամ ցինիկ էր իրեն պահում, առաջին անգամ էի տեսնում, որ կիսածաղրանքով են հետս խոսում, մնացածները մի տեսակ խոնարհ էին կամ զուսպ: Հիմա չգիտեմ արդեն, իրենք է՞լ էին այսպես մտածում, թե՞ սա ցնդած է ուղղակի:
– Լավ, լավ, շատ մի մտածի, հարյուրի կեսը հիսունն է, – ասաց նա, – գնացինք բոուլինգ խաղալու, եթե լավ ես խաղում: Ու իմացի, ես հենց այնպես չեմ խաղում, միայն գրազ:
– Ես էլ, բայց դու պիտի ասես, թե ինչի վրա:
– Դե հա, ես քո հնարավորությունները չունեմ, դու նենց բան կասես, որ չկարողանամ, դրա համար ես կմտածեմ կասեմ, մինչև հասնենք:
Մեքենայով գնացինք մոտ քսան րոպե, մինչ կհասնեինք, այդ ընթացքում լուռ էինք, նա խաղում էր ռադիոյի ալիքների հետ, ես մի տեսակ կաշկանդվել էի ու բան չէի գտնում ասելու: Մտանք խաղասրահ, նա քաշեց թևիցս ու ասաց.
– Մյուս անգամ չմոռանաս դուռը բացել, որ անցնեմ, հո ես հետևիցդ ընկած չե՞մ գալու ու քանի չեմ մոռացել, որ հասնենք հանդերձարան բաճկոնս կհանես, չեմ ուզում մտածել, որ դու անշնորհք ես..
– Հա, հա, ուղղակի մտքերի մեջ էի, մոռացել էի… Դրա համար, թե չէ ես միշտ…
– Չգիտեմ, թե միշտ ինչ, ես մշտի հետ կապ չունեմ, մի խառնիր ինձ մնացյալի հետ, ես ուրիշ եմ ու թեթև տար, ասեցի, չէ՞` հարյուրի կեսն ինչքան էր…
Ես բոուլինգ լավ եմ խաղում, համենայնդեպս, իմ շրջապատում միշտ հաղթող եմ, բայց չհասկացա, թե ինչպես եղավ, որ երեք խաղից երեքն էլ պարտվեցի… Պարտվեցի հաջորդ անգամ ներկայանալ ծաղիկով, մեքենայի մեջ չծխել ու դանդաղ քշել: Հասանք իրենց շենքի մոտ:
– Գնացի, հուսով եմ շատ չես նեղացել ու էլի կգաս, – ասաց ու պատրաստվեց իջնել մեքենայից:
– Չէ, նորմալ ա, -ասացի ես, – դե պաչի:
– Ինչի՞ համար: Բարի գիշեր:
Մեքենայի դուռը սառը օդ բերեց փակվելուց, հասկացա, որ ահավոր մտացրիվ եմ: Ու եթե հանդիպում չունենամ իմ սիրելի Chivas 18-ի հետ, ապա սրա մասին մտքերից չեմ քնի…

Օր երկրորդ

– Մոռացել էի ասել, որ ծաղիկներ ասվածը ընդհանուր ոչինչ չունի խառը կանաչիի հետ: Չնայած, մերսի, չեղած տեղից կաղամբն էլ ա միրգ:
– Էս խանութի ամենալավ ծաղկեփունջն էր, ի՞նչ ես անուն կպցնում, իմանայի, անցումի տակից 100 դրամանոց վարդեր կառնեի, համ էլ ես ծաղիկ եմ կրվել…
– Լսի, խանութի ամենալավ ծաղիկը, չի նշանակում ամենաթանկը, ավելի լավ էր անցումի տակի վարդերից բերեիր, բնական, սիրուն, հարցը ճաշակի մեջ էր, ո՞վ ա տեսել հասմիկներն ու էս անհոտ , անիմաստ գերբերաներն ու վարդերը համադրեն, հետն էլ եսիմինչ ցախավելի պոչեր ու տորթի փայլեր լցնեն… Ծաղիկ էիր կրվել, ճիշտ ա, բա Ծաղիկ անունով հարևան չունե՞ք, իրան բերեիր, – էլի նույն դիվային ծիծաղը, – լավ, լավ, մի նեղվի, սոված եմ, արի գնանք հաց ուտելու:
Մի քսան րոպե կռվելուց հետո, համաձայնվեցի գնալ իր ասած տեղը: Փոքրիկ տուն էր Երևանից քիչ հեռու, ինչ-որ գյուղի մոտակայքում: Մի ծեր կին էր մատուցող ասվածը, հեռավոր տատերիցս մեկի նման` գոգնոցով, գլխաշորով, փոքրամարմին և դանդաղաշարժ: Մինչ լվացվում էի բաղնիք կոչվածում, որն առանձին շինություն էր տնակի բակում, հին, ալյումինե լվացարանով, կապույտ օճառով և պատից կախված կիսականաչ «չեբուրաշկայի» նկարով սրբիչով, նա արդեն պատվիրել էր կամ ավելի ճիշտ, սովորության համաձայն, ցուցումներ էր տվել ծեր կնոջը: Սեղանին էմալապատ ափսեի մեջ երեք հատ լոլիկ էր, երկու հատ վարունգ, մածուն, որը երևի ամեն առավոտ այդ կինն էր մերում, տնական պանիր, թխած հաց: Բանջարեղենով պատրաստված ինչ-որ բան կերանք, որից նախկինում երբեք չէի կերել, չնայած սկզբում դեմքս խոժոռելով փորձեցի, բայց լավն էր, դուրս այնքան եկավ, որ հարցրեցի անունը: «Մուշ». – ասաց կինը շատ կարճ ու սառը և մեզ մենակ թողեց: Ալյումինե բաժակների կամ թասերի մեջ գինի էր: Գինովցանք: Զգում էի, թե ինչպես էր տաք արյունս ամբողջ մարմնիս միջով պտտվում, զգում էի երակներիս մեջ արյանս խաղը:
– Բա որտեղի՞ց գիտեիր այս տեղի մասին, ու՞մ հետ էիր եկել:
– Ընկերոջս, – անխռով ասաց նա, – դու բիլիարդ լավ էիր խաղում, չէ՞, արի գնանք ինձ սովորեցրու:
Ես չկարողացա տրամաբանական շարունակությամբ հաջորդ հարցերը տալ ընկերոջ մասին: Գնացինք բիլիարդ խաղալու, հետո` տուն:
Ամբողջ գիշեր մտածում էի, Chivas-իս շիշը դատարկ էր, ալարում էի խանութ գնալ, իսկ քունս այլկերպ չէր տանում: Մտածում էի իմ, նրա, ընկերոջ, այս ամեն ինչի մասին: Մարմինը լավն է, հոգին, մեջի կրակը` նույնպես, բայց արդյո՞ք այդ ամենն արժի այնքան, որ ես ամեն ինչ թողած խաղ անեմ հետը: Ի սկզբանե էի որոշել քնել հետը, ինչի՞ եմ հիմա մանկապարտեզ դարձրել:

Օր երրորդ

Առավոտյան sms էի ստացել. «Սպորտային կհագնվես, տանելու եմ տանջեմ քեզ, երեքին կլինես մեր մոտ»: Ժպտացի: Ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվում:
– Տես, արդեն սովորել եմ «Կամազ»-իդ, – ցատկեց կողքիս: Սպորտային հագուստներով էր, մազերը կապած: Ինչ – որ թենիսիստուհու էր նման:
– Գնում ենք Հատիս:
– Հատիսն ի՞նչ ա:
– Սար: Կգնաս տուն, աշխարհագրության գիրքը կբացես, կսովորես, ամոթ ա: Ու հերիք ա էդ զիբիլ iPhone-դ փորես: Google-ն ամեն ինչ գիտի, դու քո մասին մտածի, – ու ձեռքիցս վերցնելով հեռախոսս դրեց դարակում: Մենք գնացինք երկար ու անծանոթ ճանապարհներով:
– Նայի, այ դիմացիդ սարն ա Հատիսը:
Սար ասվածն ինձ համար միշտ ասոցացվել էր Մասիսի հետ, Արագածի մասին մտածում էի, որ լեռ է, իսկ այս սար կոչեցյալն ընդամենը մի բլուր կամ բլրակ էր: Քմծիծաղով, մի փոքր էլ մեծամտորեն նայում էի Հատիս կոչվածին:
– Դե արի, – ասաց նա, – պիտի բարձրանանք:
– Մինչև վե՞րջ:
– Մինչև ինչքան կարողանաս:
– Էլ մի սկսի, մեր շենքն ավելի բարձր ա, այ մեր վերջին հարկ ասեիր ոտքով բարձրանայինք, երևի չհամաձայնվեի, բայց սրա եղածն ի՞նչ ա: Մի րոպեում կհասնեմ:
– Ըհը, քո նմաններն են կեսից սկսում լացել: Գնացինք:
Նախկինում մի քանի անգամ եղել էի արշավների, կուրսի ուսանողներով Արագած էինք գնացել մի քանի անգամ, չնայած, ես ոչ մի անգամ մինչև գագաթ չէի բարձրացել, այլ մի քանի մոտիկ ընկերներով խաշ էինք ուտում այն ընթացքում, երբ մնացածը չարչարվում էին բարձունք հաղթահարելիս:
Նա բարձրանում էր արագ, ասես ոստերով, իսկ ես մի քիչ ծանրաքայլ նրա հետևից: Հետևից ավելի սիրուն էր մարմնի ուրվագիծը: Սպորտային հագուստը գծագրել ու ճշգրտորեն փոխանցում էր աչքերիս նրա բոլոր անհարթությունները, գծերը, մարմնի ռելիեֆը: Ես լեզուս դուրս գցած շան նման հևում էի հետևից ու մտածում, թե երբ է լինելու նա իմը: Չեմ կարող ասել, թե ինչքան էինք գնացել, երբ սկսեցի զգալ, որ ոտքերս թմրում են, մի տեսակ չեն ենթարկվում ինձ, շնչառությունս արագացել էր, բայց օդը չէր հերիքում: Նա մի պահ հետ նայեց, ես անմիջապես զգաստացա, որ չմատնվեի, թե հազիվ եմ գնում: Նա երևի չնկատեց, որովհետև շրջվեց ու անխռով շարունակեց ճանապարհը: Ես արդեն չէի կարողանում, հազիվ էի ինձ ստիպում, որ բարձրանամ, բայց ինձ արդեն թվում էր, թե չեմ էլ բարձրանում, այլ կանգնած եմ նույն տեղում: Հիշում եմ, որ նա շրջվեց ու ասաց.
– Ինչի՞ ես կանգնել, լավ չես զգու՞մ, – ես փակեցի աչքերս ու ընկա երևի:
Երբ աչքերս բացեցի, կիսաթեք նստած էի, բաճկոնս ծալած գլխիս տակ: Նա նստել էր իմ վրա ու ջուր էր տալիս:
– Տեսա՞ր, որ պետք չի մեծ-մեծ խոսել, սարը չի սիրում մեծաբերաններին: Ուշքդ գնացել էր:
Ես նայում էի նրա դեմքին սառը, աղոտ աչքերով, այնպես, ինչպես լինում է բարձր ջերմության ժամանակ, երբ հիվանդ ես: Ամաչում էի, կոտրված էի: Լուռ: Նա հետաքրքիր, զննող հայացքով էր նայում վրաս: Երևի կարեկցում էր, խղճում, ծաղրում… Չգիտեմ: Ես ուզում էի օրը շուտ վերջանա, որ էլ երբեք չտեսնեմ նրան… Մոտ քառասուն րոպե այդպես մնացինք, չէինք խոսում, հետո, նա թևանցուկ արեց ինձ ու սկսեցինք իջնել: Նա չէր խոսում, ես նույնպես, բայց անընդհատ մտածում էի, որ իսկական տղեն առանց ջիպի կբարձրանար այս սարը, իսկ սարի գագաթին, որպես հաղթանակի պարգև կստանար իր նվեր – մրցանակը, կստանար օձի պես գալարվող ու կրակի պես փափուկ այս շան մարմինը: Իսկ պարտվողները միշտ կիջնեն կեսից այսպես քույրաբար կարեկցանքի հետ: Ու եթե նա լիներ իմ քույրը, ես հաստատ կխեղդեի մի օր գիշերով:
– Քշե՞ս, թե՞ քշեմ, – ասաց նա, երբ մոտեցանք մեքենային, – դու ծխում ես, մաքուր օդն անսովոր էր ու այս ամեն ինչը շատ նորմալ էր, մի նեղվի, – ասում էր այնպես, ասես հիմի ուր որ է կասի` մի լացի: Իսկ ես հազիվ էի խեղդում լացս:
– Մոտ արի, – ասաց նա, երբ արդեն իջնում էր իրենց տան մոտ: Այտս համբուրեց, – կթրաշվես:
Ամենաշատն այդ օրը չէի ուզի այդ համբույրը, այդ ողորմության նման համբույրը, որն ասես խրախուսանքի կամ խղճմտանքի նման մի բան էր: Ես ձեռքս դրեցի այտիս ու սկսեցի լացել: Անձրև չէր գալիս:

Օր չորրորդ

Այդ օրն անձրև էր գալիս: Ես անձրևանոցը ձեռքիս կանգնել էի նրանց մուտքի մոտ: Առավոտից ինձ համոզում էի, որ չգայի: Ինձ թվում էր իմ չգալը կընկալվեր, որպես երեկվա պարտության լիիրավ ընդունում ու փախուստ ճակատամարտից: Բայց չէի էլ ուզում գնալ հիմարի պես ու ձևացնել, թե ամեն ինչ լավ է: Մտածում էի, թե կարելի է պատճառաբանել անձրևը: Ինչու՞ նա հիմար չի:
Մենք քայլեցինք մինչ մեքենան, ես բացեցի դուռն ու նա նստեց: Անձրևանոցը գցեցի հետևի նստարաններին ու հարցրի.
– Ու՞ր:
– Քշի, կասեմ:
Մենք պտտվեցինք քաղաքով, բարձրացանք Նորք: Անընդհատ ճանապարհն էր ցույց տալիս, իսկ ընդհանրապես` լուռ էինք: Դուրս եկանք ճանապարհի բանուկ հատվածից ու ցեխերի միջով գնացինք մի ինչ-որ կիսակառույցի մոտ, հետո դա էլ անցանք: Մի փոքր էլ ու մեքենայի դիմաց փռվեց Երևանի հրաշք տեսարանը: Մենք համարյա ամենաբարձունքում էինք` հեռուստաաշտարակի մոտակայքում ինչ-որ տեղ: Քաղաքն ամբողջովին լույսերի մեջ էր, հեռվում ինչ որ տեղ կայծակ էր անընդհատ խփում, մեքենաներն այլմոլորակային մրջյունների պես դանդաղ կայծկլտում էին: Անձրևն անընդհատ կտկտում էր մետաղի վրա, ընկնելով ապակուն ջարդուխուրդ լինում…
– Հիմա կինո ենք նայելու, – ասաց ու գրպանից հանեց սկավառակը, – Ֆելլինի չի, բայց էլի հրաշք ֆիլմ ա, Ջոբի Հարոլդի «Նարկոզն» ա, լսած չես լինի, նոր ֆիլմ ա:
Մենք նստարանները կիսապառկեցրինք և սկսեցինք դիտել, բավականին երկար էր, մոտ երկուսուկես ժամ:
Մինչ տուն հասնելը խոսում ու քննարկում էինք ֆիլմը:
– Ինձ չսիրահարվես, – ասաց նա դուռը ծածկելիս, – ես զգում եմ, որ մեջդ կայծեր են խլրտում, բայց եթե չզսպես քեզ, այլևս չեմ գա: Քեզ հետ ինձ համար հետաքրքիր ա, դու նոր տեսակ ես, բայց մի մոռացի, որ ես արդեն սիրում եմ, այս ամեն ինչը ոչինչ չի նշանակում, եթե կհասկանաս ու կկարողանաս միջիդ տղային մի կողմ դնել ու ընկերանալ ինձ հետ, կգրես, կխոստանաս, եթե չէ, ուրեմն երբեք էլ չենք շփվի: Ես արդեն սկսում եմ վախենալ քեզնից: Պայմանավորվեցի՞նք, – նա կանգնել էր անձրևի տակ ու լուրջ, կիսաբարկացած դեմքով խոսում էր, անձրևն ամբողջովին թրջել էր նրան, մազերից դեմքի վրայով ծորում էր ու դնչից կաթկթում, աչքերը բարի բարի մեծ էին և ես սիրահարվում էի:
– Ըհը, – պատասխանեցի ես:

Օր հինգերորդ

Չեմ էլ հիշում, թե երեկ ինչպես եմ քնել: Երևի մատնում է միայն սենյակիցս եկող սպիրտախառը այս «շան հոտը»: Հեռախոսս ընկած է կողքիս: Մի՞թե ես գրել եմ նրան: Միանգամից արթնացա, սկսեցի արագ – արագ ընթերցել հաղորդագրություններս.
«Լիկ, ես չեմ ուզում դու չլինես, ինձ համար կարևոր է քո ներկայությունը, ես շատ եմ կապվել քեզ, իմ առաջ ուլտիմատումներ մի դիր, թող սիրահարվեմ»:
«Ես քեզ ասեցի, եթե նույն մտքին ես, ապա ես քեզ համար գոյություն չունեմ: Նույնն է, ինչ առաջարկություն անես ամուսնացած կնոջը: Լավ մնա»:
Դրանից հետո իմ տափակ, ռոմանտիկ ու սենտիմենտալ հաղորդագրություններն էին հինգ – վեց հատ, անպատասխան, նրանցից վերջինները նույնիսկ չէին հասել: Հետո երևի քնել եմ: Այս ի՞նչ եմ արել: Զանգեցի: Չկար, հեռախոսն անջատել էր: Գնացի նրանց բակ: Կանգնեցի լուսամուտների տակ և սկսեցի ազդանշան տալ: Մեկ, երկու… Մուտքից դուրս եկավ, արագ – արագ մոտեցավ, բացեց դուռն ու ասեց.
– Լսի, հո դու հիվա՞նդ չես: Սաղ շենքը գիտի, որ իմ ծանոթն ես, իմ մոտ ես գալիս, ի՞նչ ես կապիկություն անում: Եկել ես ինձ խայտառակ անե՞ս, Ռոմեո…
– Հետդ խոսալու բան ունեմ, մի հիստերիկացի, հեռախոսդ անջատել ես, դրա համար եմ եկել, բան ունեմ ասելու, թե չէ ինչի՞ս էր պետք: Նստի:
– Ի՞նչ ունես խոսելու, շուտ ասա գնամ, եկել ես սեր խոստովանես էլի՞:
– Չէ, չէ, լուրջ բան եմ ասում, հո թատրոն չի, նստի խոսանք:
– Լավ, բայց կես ժամ ժամանակ ունես:
Մենք դուրս եկանք բակից ու գնացինք Նորքի բարձունքը, որտեղ մի անգամ եկել էինք ֆիլմ նայելու:
– Կյանքում մի անջատի հեռախոսդ, եթե չես ուզում զանգեն` նենց արա` չզանգեն, չի կարելի անջատել հեռախոսը երբեք: Կարող ա էդ պահին ինչ – որ մեկը քո կարիքը շատ ունի…
– Եկել ես գլխիս խրատ կարդա՞ս:
– Չէ, լսի: Էդ sms-ները ես չեմ քեզ գրել…
– Բա ո՞վ ա գրել, քո համարը չի՞…
– Հա, իմ համարն ա, բայց ես չեմ գրել: Էդ գրել ա իմ մեջի վատ ու կոտրված մարդը: Էն մարդը, որ իմ մեջ զարթնում ա էն ժամանակ, երբ լակում եմ… Ես առավոտյան չէի էլ հիշում, որ գրել եմ…
– Էլ ի՞նչ կարաս անես, որ հետո չհիշես…
– Ոչ մի բան, նայի, խոստանում եմ, որ էլ չեմ խմի, կբարիշե՞ս…
– Կմտածեմ… Եթե վաղվա օրն ինձ համար անմոռանալի դարձնես…
– Լավ, պայմանավորվեցինք:
– Դե գնացի:
Գնաց… Տարավ ինձ հետը: Ես խոստացա, որ էլ երբեք չեմ խմելու, բայց ո՞նց: Գիշերները հաստատ քունս չի տանի… Ի՞նչ անմոռանալի օր:
Ինձ հետ հավասար կամ ինձնից մի քիչ շատ աղջիկների հետ սեր ուներ մանկությանս ընկերը` Ճուտը: Զանգեցի նրան.
– Բարլուս, ի՞նչ բանի ես…
– Բարև, բարև, սիրուն, լկստվում եմ, ի՞նչ կա:
– Մի հատ գործ կա, վերջացնես զանգի:
– Եթե շտապ ա, ասա շուտ գամ:
– Չէ, գործիդ նայի, կզանգես…
Մի քանի ժամից Կենտրոնում հանդիպեցինք:
– Լսի, մի հատ աղջիկ կա, Ծաղկաձորում էն օրն եմ ծանոթացել…
– Հա, հա, իմացա, Լիկան…
– Ապրես: Էդ օրվանից իրար հետ ենք, բայց բան չեմ կարում…
– Լու՞րջ, արա էսի վատ ա, հլը համարն ասա զանգեմ բարեխոսեմ, ասեմ մեր էս սիրուն ախպորը խի՞ չի սիրում…
– Ընկեր ունի…
– Այ քեզի բան, ո՞վ ընկեր չունի, ես էլ ունեմ դու էլ ունես կամ որ ընկեր ունի, խի՞ ա սաղ օրը հետդ քաշ գալիս, ուրեմն մտքին մի բան կա, չէ՞… Ասա, չեմ կարում սղմեմ ու վերջ…
– Դե չի լինում էլի, նայի, ասել ա, որ վաղն իրա համար անմոռանալի օր կազմակերպեմ…
– Էս տղեն դեբիլ ա… Ապեր, զարթնի, աղջիկն իրա բերանով ա ասում, ու՞մ ես սպասում….
– Չէ էլի, չգիտես, ինքը տենց չի… Անմոռանալի օրն իրա համար ուրիշ բան ա նշանակում:
– Արա, կարող ա՞ հետը պսակվես խայտառակ ըլնենք, անմոռանալի օ՞ր, դե նայի ինչ ես անում: Զանգում ես մեր էն հյուրանոց, մի հատ 3 հարկանի քոթեջ ես վերցնում, ասում ես վարդի թերթիկներ են սաղ լցնում, մոմերով բան զարդարում են, սեղանին գինի են դնում, ջակուզին ասում ես շամպայնով են լցնում ու վերջը լսի, էս վեկալ, – գրպանից կանաչավուն ֆոլգայով ինչ-որ հատիկ տվեց, – էս գցում ես գինու բաժակի մեջ, խմում ա, ու անմոռանալի օրեր եք ունենում:
– Էս ի՞նչ ա, քնաբեր ա՞:
– Հո դու նեկրոֆիլ չե՞ս, ի՞նչ քնաբեր, թող էս խմի, հետո կզանգես, կասես ինչ ա: Դու կպատմես:
Քունս չէր տանում: Անհամբերությունից շուռումուռ էի գալիս: Չդիմացա, 100 գրամն օգնեց լուսաբացին արագ մոտենալուս:

Օր վեցերորդ

– Մտածել ե՞ս: Շատ հետաքրքիր ա քո երևակայության գագաթը տեսնելը:
– Հա, Լիկ, հաստատ չես փոշմանի: Երեկ սաղ օրը մտածել եմ:
– Հաստա՞տ չեմ փոշմանի:
– Ըհը:
Մեքենան կանգնեց քոթեջի գարաժում: Մտանք ներս: Հենց դռան մոտից վարդի թերթիկներ էին շաղ տված:
– Հի հի, -սկսեց հիստերիկ ծիծաղել, – ինչ ստանդարտ մտածելակերպ ունեք, եթե ասում եմ անմոռանալի օր, ուրեմն պիտի վարդեր շաղ տա՞ս ոտքերիս տակ: Դու չես մոռացել, չէ՞, որ ընկերներ ենք:
– Չէ, չէ, ուղղակի ասեցի զարմացնեմ:
– Հա, կարգին զարմացա, մեր գյուղում սենց բաներ չկան, – ու էլի սկսեց ծիծաղել, -լավ, լավ, ապրես:
– Ստեղ բիլիարդ կա, խաղա՞նք: Մոտ մեկ ժամ բիլիարդ խաղացինք, հետո իջանք ներքև:
-Սոված չե՞ս: Լավ գինի եմ բերել համ էլ:
– Դեռ սոված չեմ, բայց մի փոքր գինի կփորձեմ:
Մինչ նա բիլիարդի գնդակներն էր դասավորում, ես արագ իջա ներքև, հաբը գցեցի բաժակի մեջ, գինիները լցրեցի ու իբր բան չի պատահել, նստեցի սեղանի մոտ:
– Անտրամադիր ես բայց, – ասաց նա մոտենալով սեղանին:
– Չէ, հոգնած եմ մի փոքր:
Նա մի շնչով խմեց գինին ու ինձ թվաց, թե հիմի բաժակի տակ երևալու է հաբը, որը դեռ լավ լուծված չի լինի, բայց չէ, բաժակի տակը մաքուր էր: Սիրտս անհանգիստ խփում էր: Ծխեցի: Նա նստած էր իմ դիմաց ու անգամ աչքը չէր թարթում, ուշադիր նայում էր ինձ: Մոմի լույսը բոցկլտում էր ու դիմագծերն անընդհատ փոխում, բայց դեմքն անշարժ էր: Ինձ թվում էր, թե հիմի հրաշք է տեղի ունենալու, թվում էր, թե մի գերբնական երևույթ է լինելու, բայց փոխարենը նա արագ կանգնեց ու վազեց դեպի զուգարանը: Գնացի հետևից: Դուռը չէր փակել: Կռացել էր զուգարանակոնքի վրա ու փսխում էր… Ես բռնեցի նրա գլուխը, սկսեցի շփել մեջքը: Մի քանի րոպե անց հանգստացավ: Երեսն ամբողջովին կեղտոտ էր, շորերը` նույնպես: Ես գրկել էի նրան ու լվանում էի երեսը: Զզվանքս գալիս էր: Տարա, պառկեցրի անկողնում, շորերը հանեցի, որ չնեղեն ու վերմակով ծածկեցի: Նստեցի մահճակալի եզրին:
– Լավ չեմ զգում, – խռխռաց նա, – «շտապօգնություն» կանչի, մեռնում եմ:
– Ամեն ինչ լավ է, – ասացի, – հիմա կանցնի: Երևի, մրսել ես…
– Չէ, ես զգում եմ, որ սիրտս կանգնում ա, ամեն ինչ քարանում ա, խնդրում եմ, շնչել չեմ կարողանում, բժիշկ կանչի…
– Լավ, լավ, գնում եմ կանչեմ, – ասացի ու դուրս եկա սենյակից: Զանգեցի ընկերոջս, հեռախոսն անջատած էր: Չէ, բժիշկ չեմ կանչի, ոչ էլ կտանեմ հիվանդանոց, մտածում էի ես: Կիմանան, որ դեղ եմ խմացրել, հետո երկար պատմությունների մեջ կընկնեմ: Մանավանդ, որ չեմ էլ իմանում, թե ինչ դեղ էր…
Հետ եկա սենյակ: Վերմակը վրայից գցել էր, կրծկալը հանել էր ու մի ձեռքը դրել էր ոտքերի արանքը, մյուսով ձախ կուրծքն էր սեղմում: Ինձ տեսնելով հիվանդագին կրակ առաջացավ աչքերի մեջ, միանգամից սկսեցին աչքերը փայլել:
– Արի մոտս, – գոռաց նա, արի~, – ես չշարժվեցի, – արի գրկի ինձ: Ես մոտեցա, նստեցի մահճակալին, նա միանգամից պառկած տեղից ցատկեց դեպի ինձ ու սկսեց խելագարի պես համբուրել, – Արմ, կարոտել էի քեզ, ոնց եմ քեզ ուզում, ե՞րբ ես եկել:
Ես հրեցի նրան ու կանգնեցի.
– Ա՞րմ, ի՞նչ Արմ, ես Կարենն եմ:
– Արմե~ն , – գոռաց նա ու մահճակալից ընկավ` ձգվելով դեպի ինձ: Գլուխը խփեց հատակին ու քթից սկսեց արյուն գալ: Ես վազեցի բաղնիք, սրբիչը պահեցի ծորակի տակ, եկա, սրբեցի արյունն ու դրեցի ճակատին: Նստել էի գետնին, գրկել էի գլուխը.
– Լիկ, ես Արմենը չեմ, Արմենը ստեղ չի, հանգստացի, – փոխարենը նա կծում էր ձեռքս ու ինչ – որ բան գռմռում: Ձեռքիցս արյուն էր գալիս: Ես ամուր գրկել էի գլուխն ու չէի թողնում, որ շարժվի, նա` ինչքան ուժ ուներ ատամները խրել էր մսիս մեջ: Արյունս լցվում էր բերանն ու ատամների արանքից գալիս բերանի ծայրով կաթում շալվարիս… Ձեռքս չէր ցավում… Հետզհետե ատամները թուլացան և երևի այդպես գրկված քնեցինք…

Օր յոթերորդ

Նա շարժվեց գրկիս մեջ և երկուսով արթնացանք: Զարմացած նայեց ինձ, իրեն, շուրջը: Ամբողջովին արյան մեջ էր հատակը: Արագ կանգնեց, շոշափեց մերկությունը, վերցրեց շորերն ու մտավ բաղնիք: Մոտ քառասուն րոպե դուրս չեկավ: Ես անընդհատ մտածում էի, փորձում էի հաստատ հիշել, որովհետև վստահաբար գիտեի, որ բաղնիքում ածելի կամ ուրիշ կտրող բան չկար: Մտածում էի ինչ ու ոնց եմ ասելու նրան… Դուրս եկավ:
– Լիկ…
– Սուս, բան չասես, – պայուսակից փոքրիկ խաղալիք «Կամազ» հանեց, դրեց սեղանին ու գնաց… Գնաց… Կանչեցի սպասուհուն, գրպանը քսան հազարանոց դրեցի, վերցրեցի «Կամազս» ու դուրս եկա: Գնացի… Ու մինչև հիմա գնում եմ այն ճամփաներով, որով նա երբեք չի անցնում…

Google